Առաջինը երկրորդի մասին Չաթ անողներին էլ հանես` տակը բան չի մնա...
Հուլ 09

image ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ «The Wall Street Journal»-ն այսօր հրապարակել Է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջությամբ:

Նորանկախ երկրների նոր` ժողովրդավարական կենսաձեւ ստեղծելու ջանքերը չավարտվեցին Խորհրդային միության փլուզումով:

Հայաստանի Հանրապետությունը` փոքր մի երկիր, որը գտնվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ էներգետիկ պաշարներով հարուստ Կասպյան տարածաշրջանի միջեւ, այդպիսի օրինակ է:

Անկախությունից հետո Հայաստանի խաղաղ զարգացման ներուժը մինչեւ վերջ չի իրացվել: Ղարաբաղյան հակամարտության ընթացքում Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը` որպես թյուրքական արմատներ ունեցող Ադրբեջանի հետ համերաշխության դրսեւորում: Ցավալի արդյունքը եղավ այն, որ արդեն տասնհինգ տարի է, ինչ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից կարեւոր սահմանագիծը շարունակում է դիվանագիտական ու տնտեսական համագործակցության խոչընդոտ մնալ:

Այն փակ է ոչ միայն այն հայերի եւ թուրքերի համար, ովքեր կարող են ցանկություն ունենալ այցելելու հարեւան երկիր, այլ նաեւ առեւտրի, տրանսպորտի ու Արեւելքից Արեւմուտք էներգետիկ պաշարների հոսքի համար: Ռազմավարական այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծվող երկաթգիծը շրջանցեցին Հայաստանը` չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի երկաթգիծ, որը մնում է փակ: Միայն Հայաստանի ժողովուրդը չէ, որ տուժում է այս սահմանափակումներից ու շրջանցումներից: Տարածաշրջանի բոլոր երկրները եւ եվրոպական պետությունների լայն համայնքը բարձր գին են վճարում առեւտրի, առաջընթացի եւ միջազգային համագործակցության այս անբնական արգելքի համար: Եկել է այս փակուղուց դուրս գալու նոր ջանքերի ժամանակը. փակուղի, որից ոչ ոք չի շահում, եւ տուժում են շատերը: Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, օգտվելով առիթից, առաջարկում եմ նոր սկիզբ, Թուրքիայի կառավարության եւ ժողովրդի հետ երկխոսության նոր փուլ` նպատակ ունենալով բարելավել հարաբերությունները եւ բացել մեր ընդհանուր սահմանը:

Ես առաջարկում եմ մեր երկրների միջեւ ձեւավորել բնականոն քաղաքական ու տնտեսական հարաբերություններ: Փետրվար ամսին Հայաստանի Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո իմ թուրք գործընկերը օտարերկրյա պետությունների ղեկավարների շարքում առաջիններից մեկն էր, ով ինձ հղեց իր շնորհավորանքը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշեց, որ այս նոր ժամանակահատվածում մեր դռները բաց են նոր երկխոսության համար: Մեր երկրների միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանն իրական այլընտրանք չկա: Հուսով եմ, այդպիսի հարաբերություններ ստեղծելու համար մեր կառավարությունները կարող են անցնել նոր բաց դռան այս ջրբաժանը:

Բնականոն քաղաքական հարաբերությունների ստեղծումը մեզ հնարավորություն կտա ձեւավորելու հանձնաժողով, քննարկելու Հայաստանին ու Թուրքիային վերաբերող բոլոր խրթին հարցերը: Մենք չենք կարող շոշափելի արդյունքներ արձանագրել առանց նմանօրինակ հարաբերությունների: Միայն այդ միջոցով կարող ենք ստեղծել արդյունավետ երկխոսություն` անդրադառնալով անգամ ամենազգացական պատմական խնդիրներին: Ավելի անհատական մակարդակով բազմաթիվ հայեր եւ թուրքեր արդեն իսկ փակ սահմանը շրջանցելու ուղիներ են գտել: Նրանք օգտվում են Երեւանից Ստամբուլ եւ Անթալիա չարթերային կանոնավոր թռիչքներից: Կան բազմաթիվ ավտոբուսային եւ տաքսիների երթուղիներ Վրաստանի տարածքով, իսկ բեռնատարները շրջանցում են սահմանը` երկու երկրների միջեւ որոշ առեւտուր կատարելու համար անցնում են մեծ տարածություն: Ինչպես Չինաստանի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդներն էին կիսում խանդավառությունը սեղանի թենիսի շուրջ` մինչ նրանց կառավարությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներին է միավորում սերը ֆուտբոլի նկատմամբ: Եվ դա ինձ մղում է անելու հետեւյալ հրավերը:

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունենալու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը: Ես հրավիրում եմ իմ թուրք պաշտոնակից Ադբուլլա Գյուլին այցելելու Հայաստան եւ մարզադաշտում միասին դիտելու խաղը: Դրանով իսկ կազդարարենք մեր հարաբերությունների նոր խորհրդանշական սկիզբը:

Ինչպիսին էլ լինեն մեր տարբերությունները, անգամ փակ սահմանի պարագայում, մեր ժողովուրդների միջեւ կան որոշակի մշակութային, հումանիտար եւ մարզական շփումներ:

Այս պատճառով հավատում եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները կողջունեն այդ քայլը ճիշտ այնպես, ինչպես կողջունեն սահմանի բացումը: Հասկանալի է, այդ ընթացքում երկու կողմում էլ կարող են լինել քաղաքական խոչընդոտներ, սակայն այժմ մենք պետք է գործելու քաջություն ու տեսլական ունենանք:

Հայաստանն ու Թուրքիան չպետք է լինեն եւ չեն կարող լինել մշտական հակառակորդներ: Ավելի բարգավաճ, փոխշահավետ ապագան Հայաստանի եւ Թուրքիայի, Եվրոպայի, Կասպյան տարածաշրջանի ու ողջ աշխարհի համար պատմական Արեւելք-Արեւմուտք միջանցքի բացումը նպատակ է, որին կարող ենք եւ պետք է հասնենք: Ժամանակն է հաղթահարելու մեզ բաժանող արհեստական պատնեշները եւ աշխատելու ավելի լավ ապագայի համար:

armenpress.am

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 1 մեկնաբանություն

  1. Philosopher

    Ասեմ, որ ես երբեք չկարդալով այսպիսի հոդվածները, այսօր ցանկույթուն ունեցա կարդալ Ս.Սարգսյանի հոդվածը:
    Առաջին իսկ միտքը, որ եկավ ինձ մոտ այն է, որ սա Ս.Սարգսյանի ստիլը չէ:
    Երկրորդ միտքը եկավ կարդալուց հետո: Կարծում եմ նա, փորձում է այս քայլերով, այսինքն հոդվածի տպագրմամբ, կամ ասենք, ինչ-որ անառրկայական քալերով, հաղթահարել ճգնաժամը Հայաստանի ներսում: Սակայն այսպիսի քայլերով նա դա չի կարող անել:
    ՀՀ-ում քաղաքական խորը ճգնաժամը սկսվել է փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքում, որտեղ հիմնական մրցակիցներն էին Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը:
    ԵՎ այդ ճգնաժամը ոչ թե պետք է լուծեն Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը, այլ Սերժն ու Լևոնը: Իհարկե` ի հօգուտ Հայ հասարակույթան եւ ժողովրդի:

    Իսկ հոդվածի մասին, նշեցի, որ սա Սերժ Սարգսյանի ստիլը չէ: Եվ, վերջապես, նախագահը ի՞նչ գործ ունի հոդված տպագրել: Ինչո՞ւ պետք է ՀՀ նախագահը, որը ունի թե’ էլեկտրոնային լրատվամիջոցներ (առավել եւս 17-ը, որոնք իշխանության կողմնակիցներն են) եւ ունի թերթեր… Այնպես որ, բնավ կարիք չկար, Հանրահայտ «The Wall Street Journal»-ն օգտագործել Հայ հասարակության եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ:
    Հոդված տպագրելը դա ընդդիմադիրների կամ ոչ այնքան բարձրաստիճան պաշտոնյայի գործն է: Աշխատել, թե՞ հոդված տպագրել…

    P.S.  Ի դեպ, այսօր ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանը այսօր Մեդիամաքսով պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին:
    Հրաշալի անձնական վիրավորանքներ: Կասեի сам дурак սկզբունքն է: Այն ինչ, սպասում էի ավելի կշռադատված եւ հանգամանալից պատասխաններ…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org