Որոշ Դիտարկումներ Մենք պատրաստ ենք խոսել Թուրքիայի հետ
Հուլ 05

Հունիսի 4, Մատենադարանի մերձակա հրապարակ, Երեւան

levon-ter-petrosyan robert-kocharyanԸստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կեղծ տեղեկանքով եւ անօրինական ընտրությամբ զբաղեցրեց նախագահի աթոռը, 1999 թվականի հոկտեմբերի 27-ով ամրապնդեց այն, խափանեց հոկտեմբերի 27-ի եւ այլ սպանությունների բացահայտումը, դատական եւ օրենսդիր իշխանությունը զրկեց անկախությունից, երկիրը վերածեց ավազակապետության, կեղծեց իր պաշտոնավարման ընթացքի բոլոր ընտրություններն ու հանրաքվեն, սահմանափակեց մամուլի ազատությունն ու տնտեսական մրցակցությունը, ծաղկեցրեց կոռուպցիան, իր ընտանեկան բիզնեսը, դիզեց մեծ հարստություն, Ղարաբաղից Հայաստան բերեց մոտ 15 հազար մարդ, Հայաստանից արտագաղթեցրեց մոտ կես միլիոն մարդ` իր ապաշնորհ քաղաքականության պատճառով, ռազմավարական օբյեկտները տվեց Ռուսաստանին, խորացրեց հայ-թուրքական հարաբերության չկարգավորվածությունը, բաց թողեց Ղարաբաղի հարցի լուծման մի քանի բարենպաստ առիթ, եւ ի վերջո, իր պաշտոնավարումն ավարտեց Երեւանի կենտրոնում քաղաքացիները դեմ գործած աննախադեպ ոճրագործությամբ, սպանելով տասը մարդու:

Սակայն, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է նաեւ, որ չնայած բացասականին, հանուն արդարության պետք է ասել, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումը ունեցել է նաեւ դրական արդյունք: Մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ իր պաշտոնավարման տասը տարիներին Ռոբերտ Քոչարյանը կտրել է 5 կմ կարմիր ժապավեն, շուրջ 300 մարդու շնորհել է գեներալի եւ ժողովրդական ու վաստակավոր արտիստների կոչում, մոտ տասը հազար մեդալ եւ շքանշան է շնորհել, նոր աշխատատեղերի ստեղծման մղումով ավելացրել է փոխնախարարների, պետական կառավարման հաստատությունների աշխատակազմերի, պետական պահպանության ծառայության աշխատատեղերի քանակը, նշանակալի ավանդ է ունեցել մշակույթի զարգացման գործում, հեռուստատեթերը լցնելով արեւելածոր մեղեդիներով եւ պորտապարերով, հարստացրել է ոսկեղենիկ հայերենը «վիզկապ», «մասանդրա», «ծյունինգ», «մթնելորտ» եւ այլ բառերով, ժողովրդին զվարճացրել է հայտնի անեկդոտներով` «կլիզմայի», «վատ պարողին խանգարող հանգամանքների», «մոսկայի» եւ այլնի մասին:

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դա Ռոբերտ Քոչարյանի գործունեության միայն հայտնի մասն է, բայց կա նաեւ ծածուկը, որը անկասկած հայտնի է դառնալու վաղ թե ուշ, բացահայտվելով ժողովրդի եւ միջազգային ատյանների առաջ: Պատմությունը սակայն, կարծում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, մոռանալու է Ռոբերտ Քոչարյանի արած դրականն ու բացասականը, եւ նրա գործունեությունը հիշելու է մեկ նախադասությամբ`«Ռոբերտ Քոչարյան անունով ոմն բռնազավթիչ, երիցս ապօրինաբար բազմելով հանրապետության նախագահի աթոռին, իր գահակալությունը սկսկեց եւ ավարտեց արյունահեղությամբ, Հայաստանը վերածեց ավազակապետության, եւ ի չիք դարձրեց Ղարաբաղի խնդրի հայանպաստ լուծումը»: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այդ մեկ նախադասությամբ է պատմությունը բնորոշելու Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը:

Ըստ լրագիր.ամ -ի


Ներկա պահին ստացվել է 8 մեկնաբանություն

  1. Ազիան

    Երբ լսեցի ԼՏՊ-ի ելույթի այս հատվածը, աչքիս առջև հայտնվեց նրա (ԼՏՊ-ի) պաշտոնավարության տարիները: Մեծամասնությամբ այս գնահատականները համնկնում են իր (ԼՏՊ-ի) գործունեության հետ: Երիտասարդությունը այս տարբերությունը կարող է չտեսնել, քանզի նա ականատեսն է այսօրվա իշխանությունների գործերի:

    Սիրելի բարեկամներ.

    Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

    Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

    • Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի ընտրությունների միջոցով բազմեց Հանրապետության նախագահի աթոռին,
    • 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության շնորհիվ ամրապնդեց իր իշխանությունը,
    • Խափանեց այդ ոճրագործության լիակատար բացահայտումը,
    • Պարտակեց տասնյակ այլ աղմկոտ սպանություններ,
    • Ոչնչացրեց օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը,
    • Ստեղծեց քրեական աշխարհի հասկացություններով առաջնորդվող ավազակապետական համակարգ,
    • Կեղծեց իր օրոք կայացած բոլոր ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն,
    • Վերացրեց խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը,
    • Վարչախմբի վերահսկողության տակ դրեց բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները,
    • Փակեց «Ա1+» եւ «Նոյան տապան» հեռուստակայանները եւ հարկային տեռորի ենթարկեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը,
    • Սիստեմատիկաբար ուռճացրեց Հայաստանի տնտեսական զարգացման վիճակագրական տվյալները,
    • Հայաստանը ենթարկեց լիակատար քաղաքական եւ տնտեսական մեկուսացման,
    • Կոռուպցիան, խնամիությունը, հովանավորչությունը, ռեկետը վերածեց պետական քաղաքականության,
    • Ոտնահարեց շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում,
    • Համարյա ողջ պետական գույքը եւ պահուստային հողատարածքները խորհրդանշական գներով վաճառեց իր մերձավորներին,
    • Հարկային բեռը բարդեց մանր ու միջին գործարարների վրա, ըստ էության, վերացնելով 90-ական թվականներին ձեւավորված միջին խավը,
    • Խոշոր գործարարներին ազատեց օրինական հարկեր վճարելու պարտավորությունից,
    • Դրամի արհեստական արժեւորման հետեւանքով կործանեց արտահանող արդյունաբերությունը եւ հսկայական գերշահույթներ ապահովեց ներմուծման բնագավառում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների համար,
    • Ծաղկեցրեց իր ընտանեկան բիզնեսը եւ դիզեց հսկայական հարստություն,
    • Տնտեսական աճի ի ցույց դրվող երկնիշ թվերի եւ խաղաղության պայմաններում երկրի բնակչությունը նվազեցրեց գաղթի ճամփան բռնած կես միլիոն մարդով,
    • Ղարաբաղից Հայաստան տեղափոխեց շուրջ 15.000 մարդ,
    • Կորցրեց Ղարաբաղի հարցի բարենպաստ լուծման մի քանի առիթներ,
    • Ղարաբաղը դուրս մղեց բանակցությունների գործընթացից,
    • Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը վերածեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի,
    • Սերունդներին կտակեց իր ղարաբաղյան քաղաքականության պսակը հանդիսացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի խայտառակ բանաձեւը,
    • Ահագնացրեց Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը,
    • Խորացրեց հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը,
    • Չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ Ռուսաստանին հանձնեց Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը,
    • Եվ վերջապես` իր ազգանվեր գործունեությունն ավարտեց Երեւանի կենտրոնում կատարած արյունահեղությամբ, Արտակարգ դրության հաստատմամբ եւ զանգվածային ձերբակալություններով եւ բանտարկություններով:

    Արդար լինելու համար, սակայն, հարկ է պատշաճը մատուցել Քոչարյանին եւ բարեխղճորեն արձանագրել նաեւ նրա կատարած դրական գործերը.

    • Պաշտոնավարման տասը տարիների ընթացքում նա կտրեց հինգ կիլոմետր կարմիր ժապավեն, շուրջ երեք հարյուր հոգու շնորհեց գեներալի կամ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումներ, մոտ 10.000 մարդու պարգեւատրեց շքանշաններով ու մեդալներով,
    • Նոր աշխատատեղեր ստեղծելու ազնիվ մղումով կրկնապատկեց փոխնախարարների թիվը, եռապատկեց նախագահի, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմը, հնգապատկեց պետական պաշտոնյաների պահպանության վարչության ծառայողների քանակը,
    • Նշանակալի ավանդ ներդրեց հայկական մշակույթի զարգացման գործում՝ մասնավորապես Կոմիտասի, Խաչատրյանի, Սպենդիարյանի երաժշտության փոխարեն ռադիո-հեռուստատեսային եթերը լցնելով «բարձրաճաշակ» արեւելածոր մեղեդիներով ու պորտապարերով,
    • Մեծապես հարստացրեց ոսկեղենիկ հայոց լեզվի բառապաշարը, իր ստեղծած անզուգական նորաբանություններով՝ վիզկապ, մասանդրա, ծյունինգ, մտնելորտ, անթռաշ, գնհատել եւ այլն,
    • Ժողովրդին զվարճացրեց հրաշալի անեկդոտներով՝ կլիզմայի, վատ պարողին խանգարող հանգամանքների, փղերի ու մոսկաների, մեջքից ներքեւ գտնվող փափուկ տեղի մասին,
    • Հարմար բնորդ լինելու հանգամանքով անսահմանորեն ճոխացրեց արդի հայ ծաղրանկարչական արվեստը:

    Այս անվերջանալի թվացող շարանը ներկայացնում է դեռեւս միայն Ռոբերտ Քոչարյանի հայտնի գործերը: Նրա ծածուկ գործերի նույնքան անվերջանալի շարանը մի օր բացահայտվելու է պետական արխիվներում եւ հանրապետական ու միջազգային դատարաններում:

    Պատմությունը, սակայն, մոռանալու է նրա թե՛ հայտնի, թե՛ ծածուկ գործերի մանրամասները: Հանրագումարի բերելով մեր հերոսի կամ «վոյինի» գործունեությունը` պատմությունը նրան հիշելու եւ բնութագրելու է ընդամենը մեկ նախադասությամբ, այն է. «Ռոբերտ Քոչարյան անունով ոմն բռնազավթիչ, երկիցս ապօրինաբար տիրելով հանրապետության նախագահի աթոռին, իր գահակալությունը սկսեց եւ ավարտեց արյունահեղությամբ, Հայաստանը վերածեց ավազակապետության եւ ի չիք դարձրեց Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարավորությունը»:

  2. Ազիան

    ԼՏՊ-ն արդեն (իր գործունեությամբ) աառունակ է դարձրել իր անունը: Նրա խոսքերի ու գործերի մեջ հսկայական ճեղքվածքներ կան: Գեղեցիկ խոսելը դեռ ամեն ինչ չէ: Նա տեսնում է ուրիշի աչքի շյուղը` անտեսելով իր աչքի մեջի գերանը:

  3. Philosopher

    Ամատունի, միայն մեկ խնդրանք քեզ ունեմ: Իսկ խնդրանքս կայանում է նրանում, որ դու այստեղ մի փոքր շատ հայտնվես եւ մի քիչ շատ գրես այնպիսի բաներ, ինչպիսին քո վերեւի 2 մեկնաբանություններն են, որոնք ընթերցողի մոտ հարուցում են թե՛ կասկած, թե՛ մտահոգություն: Իսկ որ ամենից վտանգավորն է, դուք փորձում եք ապակողմնորոշել երիտասարդությանը, որին այսպես գրելով, դնում եք հիմար իրավիճակում: Չմտածեք, թե այս ամենը չափազանցնում եմ:

    Իրավացիորեն, թե անիրավացիորեն (որը քո տեսակետն է) դուք նշում եք, թե այն երեւոյթներից, որոնց մեջ մեղադրում է Տեր-Պետրոսյանը Քոչարյանին, համընկնում էին Տեր-Պետրոսյանի գործունեության հետ: Հրաշք է գրածդ, բարեկամ…

    Նախ ասեմ, որ Հ1-ի ցուցադրած սրտաճմլիկ տեսարանները, որտեղ ցուցադրվում էր «տաժանակիր» 91-98 թվականները, ես չտեսա այն, ինչի մեջ մեղադրեց Տեր-Պետրոսյանը Քոչարյանին:

    Դուք ասում եք, իբր դրանք կային Տեր-Պետրոսյանի գործունեության մեջ: Տեսնենք, թե ինչեր է արել Առաջին Նախագահը…

    • Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի ընտրությունների միջոցով բազմեց Հանրապետության նախագահի աթոռին,

    Ճիշտն ասած, չեմ հիշում, որ Տեր-Պետրոսյանին որեւէ մեկը մեղադրեր այս հանցանքի մեջ, նույնիսկ ռեկտորի տվայտանքներ ունեցող ՎՄ-ն:

    • 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության շնորհիվ ամրապնդեց իր իշխանությունը,
    • Խափանեց այդ ոճրագործության լիակատար բացահայտումը,

    Փաստորեն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ էր 27 եղել… Ո՜նց չենք իմացել…

    «Ամոթ Լևոնին», որ խանգարեց 27-ի բացահայտումը…

    • Պարտակեց տասնյակ այլ աղմկոտ սպանություններ,

    Կարո՞ղ ես թվել Տեր-Պետրոսյանի կողմից պարտակված գոնե 5 սպանություն:

    • Ոչնչացրեց օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը,

    Այդքան կեղտո՞տ չէին դատական իշխանությունները Տեր-Պետրոսյանի օրոք, որքան այժմ, որոնց դուք` պրն Ամատունի, պաշտպանում եք: Եվ եթե լինեիք Հայաստանում (իմիջիայլոց, եթե այսքան լավ երկիր են կառուցել, ինչո՞ւ չեք գալիս ձեր հայրենի հողը շենացնելու) կտեսնեիք այն ակնհայտ անարդար դատավարություները…

    • Կեղծեց իր օրոք կայացած բոլոր ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն,
    • Վերացրեց խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը,
    • Վարչախմբի վերահսկողության տակ դրեց բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները,
    • Փակեց «Ա1+» եւ «Նոյան տապան» հեռուստակայանները եւ հարկային տեռորի ենթարկեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը,

    Տեր-Պետրոսյանի օրոք կեղծվել են բոլոր ընտրությունները: Մի պահ ընդունենք… Բայց կներես, ո՞վ էր խանագարում ներկա իշխանություններին, շատ լավ ընտրություններ կազմակերպելու… Եթե Լևոնը, ապա նա 98-ին թողեց եւ գնաց` բորշչն ու գդալը տալով ձեզ:

    Տեր-Պետրոսյանի օրոք ոչ բոլոր հեռուստաընկերություններն էին իշխանության վերահսկողության ներքո գտնվում: Տեր-Պետրոյսնաի օրոք էր բացվել Ա1-ը…

    • Ստեղծեց քրեական աշխարհի հասկացություններով առաջնորդվող ավազակապետական համակարգ,

    Եթե Տեր-Պետրոսյանի օրոք ավազակապետական համակարգ լիներ, ապա 98 թվականին բարդ չէր մի քնաիսին դատելն ու պաշտոնազրկելը, եւ հիմա մենք կունենայինք այլ իրավիճակ: 98-ի պետական հեղաշրջում չէր լինի…

    • Սիստեմատիկաբար ուռճացրեց Հայաստանի տնտեսական զարգացման վիճակագրական տվյալները,

    Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ Տեր-Պետրոսյանի օրոք արհեստական տնտեսական աճ չէր նկարվում:

    • Հայաստանը ենթարկեց լիակատար քաղաքական եւ տնտեսական մեկուսացման,

    Տեր-Պետրոսյանի օրոք էլ էր այսպես, բայց պատերազմից անմիջապես հետո դուք դրախտ էիք ուզում:

    • Կոռուպցիան, խնամիությունը, հովանավորչությունը, ռեկետը վերածեց պետական քաղաքականության,

    Իզուր չասես, թե Տեր-Պետրոսյանի օրոք այսպիսի բաներ եղել են այնպես, ինչպես հիմա… Ինքը` Նախագահը, հանրահավաքային ելույթներից մեկում, նշել էր, որ մի բան է անառակը, եւ մեկ այլ բան անառականոցը...

    Հ.Գ. Կներեք, պետք է շտապ գնամ, մյուս մեղադրանքներից չեմ հասցնի գրեմ, եւ իմաստն էլ չեմ տեսնում: Միայն կասեմ մեկ բան, եթե Տեր-Պետրոսյանը կատարել է այդքան վատ բան, ոչ ոք չեր պարտադրում ներկա իշխանությանը շարունակել նույն գործը: Եթե Տեր-Պետրոսյանը վատ էր, դո՛ւք լավը եղեք, եւ էլ ժողովուրդը Տեր-Պետրոսասնին չէր կանչի…

    Թե չէ, միշտ ասում եք՝ նախկին «հանցավոր իշխանություններ »…

    Իսկ ես կարծում եմ, որ այս ամբողջ արտաթորանքի հիմքը դրվաց ՎՄ-ի կողմից… Նրան պետք է ժամանակին լավ պատժեին ԱԺ-ի վրա գորհելու համար: Թե չէ Լևոնին ասեմ, որ հիշում է նախկին ընկերությունը…

  4. Ազիան

    Զարմանում եմ.ուշադիր կարդա այս տողերը կրկին անգամ:Ես ասում եմ համընկնում է մեծամասնությամբ,ես չեմ ասում լրիվ է համընկնում :Իմ կողմից անմտություն էլ կլիներ,որ ես ասեի նման կերպ,ուստի քննարկումներում եղեք ուշադիր:Դրանից էլ բխում են ինձ ոչ ճիշտ արված Ձեր հասցեագրումները’ տեղեկանքի և հոկտ.27-ի վերաբերյալ: Օրինակ ես ԼՊՏ -ին չեմ դատում Հ1-ը նայելուց հետո,այլ անձամբ եմ առնչվել ԼՏՊ-ի և նրա մերձավորների հետ,նրա իշխանության տարիներին և այստեղ երիտասարդությանը ապակողնմորոշելու խնդիր չկա(ու չունեմ):Այդ նույն երիտասարդությունը կարող է որոշակի տեղեկություններ իմանալ իր շրջապատից (ծնողներ և այլն):Կարող են իմանալ թե ինչպես ժողովուրդը հավատաց ՀՀՇ-ին ընտրեց Լևոնին, ու ինչպես ՀՀՇ-ն վերածվեց Հավայի Հաչող Շների ու ինչպես բոլորը հիասթափվեցին:Հավատա,որ Լևոնի օրոք շատ առեղծվածային սպանություններ այդպես էլ չբացահայտվեցին:Ասում ես Կարո՞ղ ես թվել Տեր-Պետրոսյանի կողմից պարտակված գոնե 5 սպանություն: Ծիծաղելի է’իհարկե:Դրանք ավելին են ու ես պետք չէ ,որ դրանք թվարկեմ:Չանաչում ես՞ Հ.Գալստյանին,Լևոնի զինակցին:Ինչևէ:Իսկ գիտես՞ թե որքան տեղական թերթեր փակվեցին,նաև արգելվեց 1 կուսակցություն :Ո՞վ է տեր Հուսիկը…
    Այդ օրերից ի վեր ջրաղացը նույնն է մնացել բարեկամ,տերերն են փոխվել:Գոնե թերթեք այն ժամանակվա մամուլի էջերը:
    Առավել սարսափելին նոր խոստումներով հին տիրոջ վերադարձն է,որ չի տեսնում իր աչքի գերանը…

  5. Մտահոգ

    Ու ամենացավալին հենց սա է, որ

    Առավել սարսափելին նոր խոստումներով հին տիրոջ վերադարձն է, որ չի տեսնում իր աչքի գերանը…

  6. Philosopher

    Պրն Ամատունի, երիտասարդների տեղեկություն ստանալը ծնողներից կարծում եք ժամանակավրեպ չէ: Եթե երիտասարդի ծնողը կողմ չէ, ապա արդյոք այդ տղան/աղջիկը կմասնակցի Հանրահավաքի:
    Չեմ մտնում տաղտուկ եւ անպտուղ բանավեճի մեջ: Այսինքն, միեւնույնն է, ես ինչքան էլ ասեմ, դուք ասելու եք, որ Լևոնն ա մեղավրո, Լևոնի եղբայր Թելման Տեր-Պետրոսյանը,Վանոն, Սուքիասյանը......

    Բնավ մտադիր չեմ խոսել Համբարձում Գալստյանի սպասության մասին: Ոչ թե, որ միտք չունի, այլ դրա մասին խոսելը անպտուղ գործ է: Ես ասելու եմ մի բան, որը դուք չեք ընդունի, ուստի ավելի լավ է ճխոսենք: Դուք թվեք այլ սպանություններ: Նախագահական Ընտրությունների ժամանակ Դհոլը լավ էլ թվում էր: ՄԻայն ասաց Մարիուս Յուզբաշյանի մասին: Ցանկանում եք նրա սպանության մասին էլ խոսենք?

    Արգելված կուսակցությունը ՀՅԴ-ն հավանաբար նկատի ունեք: Լևոնը ոչ թե պիտի փակեր, այլեւ ընդհանրապես մաքրեր Հայաստանը այդ կուսակցությունից:
    Ընդհանրապես, մենք օգտագործում ենք ասույթներ, բայց երբեք ու երբեք չենք հետեւում դրանց:
    Առաջին Հանրապետության կորուստը քիչ էր: Հետո եկավ ՀԽՍՀ-ն: ՀԽՍՀ-ից վտարեցին դաշնակներին: Ահա դրա համար է 120 ամյա կուսակցությունը գոյատեւել մինչ հիմա:
    Լևոնին ասում էին մասսոն, բայց.......
    Լևոնին ասում էին թրքամետ, բայց.......
    Լևոնին մեղադրում են հեղաշրջման մեջ, մոռանալով Դրոն,+30 եւ այլ ահաբեկչական կառույցները......
    Էլ չեմ թվում.....Միտքն էլ չեմ տեսնում....
    Մի բան կասեմ: Համամիտ եմ Ամատունի քեզ հետ… Դու լրիվ ճիշտ ես…

  7. Ազիան

    Չեմ ուզում ճիշտ կամ սխալ երևալ:Կա այն ինչ կա:
    Փոխելու բաներ շատ կա: Ես դա սպասում եմ, ակնկալում եմ նոր սերնդից ու լավատես եմ: Ներկայումս առողջ ու երկրի մասին կառուցողական ընդիմություն է հարկավոր՝ պատրասստ մատնանշելու իշխանության թերությունները, ընդ որում կոշտ ու անզիջում կերպով: Նման կերպ կարելի է Հայաստանը «գլորել» առաջ:

  8. Jojoba

    Հարգելի պարոններ, դեռ չե՞ք հոգնել:

    Տո էդ քաղաքականության հերն էլ, մերն էլ… մեկ է բան չի փոխվելու, չեք հոգնե՞լ դրա մասին խոսելուց:

    Փողոցում ամառ է, աղջիկները, ով սիրուն ոտքեր ունի կամ չունի, բոլորը «մինի» են հագնում, ով նորմալ կոնքեր, կամ հղիությունից հետո թորշոմած փոր կամ հետույք (ներող կլինեք նկատի ունեի մեջք) ունի, փորները ու մեջքը բաց են ման գալիս (ճիշտ է «մարշրուտկից» դուրս գալուց միշտ մի ձեռը մեջքին է, որ սպիտակ «մինի յուբկի» տակից կարմիր «էն բանը» չերեւա)…

    Եկեք սրա մասին խոսենք, ի՞նչ եք ընկել արմատական կամ կառուցողական ընդիմության հետեւից… չհոգնեցի՞ք:

    Ամատունի, մի 2 խոսք էլ դու ասա… ձեր երկրի արմատական եւ կառուցողական աղջիկների մասին, բանի պե՞տք են, թե՞ մեր մաքուր թրաշվածները ավելի նախընտրելի են:

    Խոսք էր գնում, որ պլանի խանութները ձեր երկրում ուզում են քաղաքից դուրս հանել… ի՞նչ եղավ… հանեցի՞ն: Արդյո՞ք դրանից ընտիր մարիխուանայի գինը բարձրացավ, արդյո՞ք Հայաստանի դեպքերը ազդեցին պլանի գնի թանկեցման կամ Հայաստանից արտագաղթի տեմպերի վրա (խոսքի՝ դեպի ձեր երկիր):

    Թե չէ ընկել եք այնպիսի բաների մասին եք խոսում, որը իրականում չկա… ՀԱԶԱՐ ԵՄ ԱՍԵԼ, ՉԿԱ ԵՎ ՉԻ ԼԻՆԻ:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org