Անհրաժեշտ դադար
Քանի որ տեսնում եմ, թե ինչպիսի քաղաքական կայունություն է այս բլոգում տեղի ունեցել, եւ որ ոչ մի հեղինակի տիտղոսին արժանացած մարդ չի ուզում գեթ մի քաղաքական խոսք գրել, իհարկե, բացի Ժոժոբայից, որն ըստ երեւույթին, կամ զբաղված է իր Ֆ6բլոգի կազմավորմամբ, կամ էլ հերթական բոյկոտին է անցել: Նա մեկ-մեկ գոնե հեգնում է Համաժողովրդական Շարժման Առաջնորդին (երեւի Հ1-ին ցույց տալու համար, լավ է այստեղ աշխատում` որպես սերժական):
Լավ անցնեմ ավելի լուրջ թեմայի: Քանի որ, բոլորը տարված են ֆուտբոլով (չեմ թաքցնում՝ ես եւս), ապա այստեղ կտեղադրեմ միայն «Հետք»-ից հայտնի լրագրող եւ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի հոդվածը, որը խոստանում է ունենալ շարունակություն:
Ահա` հղումը:
Սերժ Սարգսյանի նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ 1998-ին եւ թե՛ 2003-ին նախագահ էր դառնում կեղծիքով ու ընտրակարգի խախտումներով, բայց ամեն անգամ շատ արագ կարողանում էր վերահսկել իրավիճակը՝ հմտորեն զուգորդելով ռեպրեսիվ եւ կառուցողական մեթոդները` երկուսի մեջ էլ կիրառելով հասարակությանը եւ միջազգային հանրությանը մոլորեցնելու տեխնոլոգիաներ։
Սերժ Սարգսյանը, կրկնելով իշխանության գալու քոչարյանական ճանապարհը, անշուշտ, նոր բան մտածել չի կարող։ Անցած չորս ամիսներն արդեն ցույց են տալիս, որ Քոչարյանի մեթոդները՝ համապատասխան տեխնոլոգիաներով, Սարգսյանի համար կենսունակ չեն, եւ դրա պատճառն ամենեւին էլ մարտի 1-ի ոճրագործությունը չէ։ Պատճառը խորքերում է, եւ դրա վերհանումը գուցե օգնի հասկանալ, թե ինչու՞ հնարավոր եղավ մարտի 1-ը։ Առայժմ պետք է ուսումնասիրել ու հասկանալ Քոչարյանի երկարակեցության եւ Սերժ Սարգսյանի անհեռանկարայնության գաղտնիքները։
Ինչու՞ կարողացավ Քոչարյանը
Եթե 1998-ին հրաժարական չտար նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանում ընտրությունները տեղի կունենային հետեւյալ հաջորդականությամբ՝ խորհրդարանական՝ 1999-ին, նախագահական՝ 2001-ին, խորհրդարանական՝ 2003-ին, նախագահական՝ 2006-ին։
Հրաժարականից հետո ստացվեց այնպես, որ խորհրդարանական ընտրությունները հաջորդեցին նախագահականին, իսկ դա, պետք է ընդունել, որ շատ կարեւոր գործոն է կեղծված ընտրությունները մարսելու համար։ Այսինքն՝ խաբված հասարակությունը կարող էր մտածել՝ հերն անիծած, թե նախագահականը չի կեղծվել, առջեւում խորհրդարանական կա եւ կարելի է ինչ-որ կերպ մասնակից դառնալ երկրի կառավարմանը։
98-ի մարտին հաջորդած ավելի քան մեկ տարին հասարակության համար սպասման ժամանակաշրջան էր։ Ոչ ոք չէր հավատում, որ մեծ քաղաքականություն վերադարձած Կարեն Դեմիրճյանը ձեռքերը ծալած նստելու է եւ կուլ է տալու նախագահական ընտրությունների անիրավությունը։ 1999-ին այդպես էլ եղավ։ 98-ի նախագահական ընտրություններում իրականում հաղթած թեկնածու Կարեն Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցությունն ու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի Հանրապետականը (ՀՀԿ) միավորվելով ստեղծեցին «Միասնություն» դաշինքն ու Ազգային ժողովում դարձան մեծամասնություն։
99-ի հուլիսին արդեն Դեմիրճյանն ԱԺ նախագահն էր, իսկ պաշտպանության նախարարը զբաղեցրել էր վարչապետի պաշտոնը։ Լարվածությունը թուլացել էր, խոսվում էր Քոչարյանի` «անգլիական թագուհու» կարգավիճակի մասին։ Մարդիկ առավել քան վստահ էին, որ նախկին, փորձառու խորհրդային ղեկավարի խոհեմությունն ու հաղթած բանակի հրամանատարի համարձակությունը գումարվելով հնարավորություն կտան դուրս բերել երկիրը «փոսից», որում իբր հայտնվել էինք Տեր-Պետրոսյանի «անհեռատես» քաղաքականության պատճառով։
1999-ի աշնան սկզբին արդեն բավական մեծ լարվածություն կար, բայց ոչ ոք չէր կարող կանխատեսել այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Ազգային ժողովի եւ կառավարության գլխատումը հասարակությանը գցեց դեպրեսիայի մեջ։ Մյուս կողմից՝ մարդիկ հասկացան, որ պալատական խարդավանքներում իրենք անելիք չունեն։ Մի այլ կողմից՝ մարդիկ տեսան, որ Դեմիրճյանի ու Սարգսյանի կողքին երեկ կանգնածները լքում են «Միասնության» ճամբարը։ Մի երրորդ կողմից էլ՝ երբ քաղաքականություն ներմուծվեցին Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը, հոկտեմբերի 27-ն ընկալվեց ոչ թե որպես պետությանն ու հասարակությանը հասցված հարված, այլ երկու ընտանիքի ողբերգություն։
2000 թվականի ամռանը կրքերն արդեն հանդարտվել էին։ Առջեւում հասարակության ուշադրությունը շեղող բազմաթիվ իրադարձություններ կային՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակը (2001), ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների ակտիվացումը, Հայաստանի անդամակցումը Եվրոպայի խորհրդին (2002), ինչը հատկապես հույս էր ներշնչում, որ Հայաստանում կվերականգնվեն ու լիարժեքորեն կգործեն ժողովրդավարական հաստատությունները։
2002-ի աշնանը Հայաստանը պատրաստվում էր նախագահական նոր ընտրությունների։ Ակնհայտ էր, որ հիմնական մրցակիցները լինելու էին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Արտաշես Գեղամյանին հավասար՝ երրորդ մրցակից դարձնելու` իշխանությունների ջանքերը թեեւ արդյունք տալիս էին, բայց ընդդիմադիր մյուս ուժերի համախմբումը, հատկապես Արամ Զ. Սարգսյանի ներկայությունը Ստեփան Դեմիրճյանի կողքին, Գեղամյանին դարձնում էին խոցելի։
Եթե այդ դաշինքում լինեին միայն Դեմիրճյանն ու Արամ Զ. Սարգսյանը, իշխանությունները հնարավորություն կունենային խաղարկել «նեղացած» ընտանիքների սցենարը, բայց մյուս ուժերի (2002-ի վերջին) հնարավոր համախմբումը պիտի ցույց տար, որ հոկտեմբերի 27-ն ընկալվել եւ ընկալվում է որպես պետության հիմքերին հասցված հարված։
Հենց այս պատճառով էլ 2003-ի Ամանորի նախաշեմին սպանվեց Հայաստանի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ, հայտնի հեռուստամեկնաբան Տիգրան Նաղդալյանը։ Նա նաեւ հոկտեմբերի 27-ի գործի կարեւոր վկաներից էր։ Իրականում ո՞վ սպանեց Նաղդալյանին, կբացահայտի միայն անաչառ հետաքննությունը, հիմա կարելի է ասել, որ Նաղդալյանի սպանությունն անհրաժեշտ էր նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի եւ թիմակիցների ընտրապայքարի բովանդակությունը փոխելու համար։
2003-ի նախագահական ընտրություններում իշխանությունների հիմնական խնդիրը հոկտեմբերի 27-ի գործոնի նսեմացումն էր, ինչն էլ արեց մեր «փառապանծ» իրավապահ համակարգը՝ մեկ մարդու ցուցմունքով Նաղդալյանի սպանության հետքը տանելով մինչեւ Վազգեն Սարգսյանի հայրական տուն։ Ընտրությունների երկրորդ փուլից առաջ ձերբակալվեց Վազգեն եւ Արամ Սարգսյանների կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ Նույնիսկ այդ պայմաններում Ստեփան Դեմիրճյանը հաղթեց ընտրություններում, բայց նախագահ հռչակվեց Ռոբերտ Քոչարյանը։
Եւս երկու կարեւոր հանգամանք՝ մինչեւ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ շրջանին անցնելը։ Առաջին հնգամյակում Քոչարյանը հասցրել էր մոնոպոլացնել էլեկտրոնային լրատվամիջոցները՝ եթերից դուրս թողնելով «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը, եւ անձնավորել ղարաբաղյան հարցը՝ բանակցություններից դուրս թողնելով ԼՂՀ ղեկավարությանը։ 80-ամյա հիվանդ Ալիեւի մոտալուտ մահը եւ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները ղարաբաղյան հարցով շահագրգիռ տերություններին առնվազն հետ էին պահում Հայաստանում նոր իշխանություն տեսնելու մտքից, հատկապես որ Քոչարյանի մրցակցի տեսակետները նշված հարցի շուրջ բավական անհստակ էին։ Ժողովրդավարության հետընթացը փոխհատուցվում էր ղարաբաղյան հարցն անձնավորած նախագահի քաղաքական կուրսի շարունակականությամբ։
Երկրորդ կեղծված ընտրության դժվարությունները Քոչարյանը կարողացավ հաղթահարել հիմնական երկու գործոնի շնորհիվ։ Առաջինը երկու ամիս անց սպասվող խորհրդարանական ընտրությունն էր, երկրորդը` ՍԴ խորամանկ որոշումը, համաձայն որի` մեկ տարի անց Հայաստանում պետք է անցկացվեր վստահության հանրաքվե։
Թեեւ Հանրային հեռուստաընկերությունն այդ օրերին չափազանց կոշտ տոնով քննադատում էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին՝ հասարակության աչքին ՍԴ որոշումը դարձնելով հաղթական փաստաթուղթ, բայց նախագահականում շատ լավ հասկանում էին, որ խորհրդարանական ընտրություններով ընդմիջվող մեկամյա փորձաշրջանն իրե՛նց հաղթանակն է, ոչ թե ժողովրդի։
2003-ի ապրիլի 9-ին պաշտոնը ստանձնած նախագահի առաջին եւ ամենակարեւոր գործն Ազգային ժողովի քարտեզագրումն էր։ Պետք էր այնպես բաժանել պատգամավորական տեղերը, որ ընդդիմությունը դուրս չմնար, բայց նաեւ չունենար մեծ կշիռ։ Քանի որ Քոչարյանն առանձնապես չէր վստահում նաեւ իշխանամետ կուսակցություններին, այդ քարտեզը գծագրում էր «բոլորին քիչ-քիչ» սկզբունքով։ Հանրապետական կուսակցությանը չէր կարելի թույլ տալ բացարձակ մեծամասնություն ունենալ։ Ամենաօգտակար կարգավորիչն «Օրինաց երկիր» կուսակցությունն էր, որը փետրվարին ամբողջ սրտով պաշտպանել էր Քոչարյանին։ Այդպես էլ ստացվեց՝ առաջին տեղում եղավ ՀՀԿ-ն, երկրորդ տեղում՝ ՕԵԿ-ը, երրորդում՝ ՀՅԴ-ն, հետո գալիս էին «Արդարություն» դաշինքը՝ բորշչի բաղադրատոմս հիշեցնող կազմով, եւ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը»՝ համենայնդեպս։
2003-ի հուլիսին ԱԺ-ն արդեն ձեւավորված էր։ Ընդդիմության գլխավոր բոլոր դեմքերը խորհրդարանում էին։ Հրապարակային գործունեությունը մի տեսակ արդարացված չէր։ Պատգամավորական մանդատներն ընդդիմությանը ստիպում էին զբաղվել օրինաստեղծ գործունեությամբ։ 2004-ի գարնանը նշանակված հանրաքվեն այլեւս ակտուալ չէր՝ վստահության դեֆիցիտի արտահայտված չլինելու պատճառով։ Այնուամենայնիվ, ընդդիմությունը 2004-ի ապրիլին փորձեց բարձրացնել այդ հարցը, բայց մեկ տարում բավականաչափ ամրապնդված Քոչարյանը ռեպրեսիվ մեթոդներով ճնշեց «բունտը» եւ բացատրություններ տվեց եվրոպական բյուրոկրատիային։ Բացատրությունն ընդունվեց նաեւ այն պատճառով, որ Հայաստանի ընդդիմությունը բավականաչափ հետեւողական չէր։
Ընդհանրապես Քոչարյանի պաշտոնավարման տասնամյա ժամկետը համընկավ Արեւմուտքում նախկին ԽՍՀՄ երկրների հանդեպ եղած շփոթության, տարակարծությունների, բանավեճերի ժամանակաշրջանին, երբ չկարողանալով ճիշտ լուծումներ գտնել` արեւմտյան ինստիտուտներն առաջնորդվում էին «շնից մազ պոկելն էլ օգուտ է» սկզբունքով։ Վրաստանի եւ Ուկրաինայի հեղափոխությունների առաջացրած ոգեւորությունը հետզհետե մարում էր՝ տեղը զիջելով դրանց արդյունավետության մասին մտահոգություններին։ Եւ այդ ֆոնի վրա քոչարյանական կայունությունն ու իբր բարեփոխումներ անելու պատրաստակամությունն Արեւմուտքին բավական մեծ հույս էին ներշնչում։
«Շնից մազ պոկելն էլ օգուտ է» սկզբունքն էր, որ ստիպեց աչք փակել Սահմանադրության՝ 2005-ի նոյեմբերին տեղի ունեցած հանրաքվեի կեղծարարության վրա։ «Մեր կարծիքով` Սահմանադրությունը որպես տեքստ վատը չէ, ոչինչ որ ժողովուրդը չի ուզում քվեարկել դրա օգտին»,- այսպես էին մտածում Արեւմուտքում։
Սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթացն ու սպասվող հանրաքվեն 2004-ի ապրիլյան ռեպրեսիայից հետո լուրջ ռեսուրս էին Քոչարյանի համար։ Ընդդիմության շտրեյկբրեխերների կողմից (մասնավորապես՝ Շավարշ Քոչարյան) շրջանառության մեջ էր դրվել «Հեղափոխությո՞ւն, թե՞ սահմանադրություն» դիլեման, որն ընդդիմադիր գործունեության անօգտակարությունից հոգնած ժողովրդին շեղում էր օրինականության եւ արդարության նպատակներից։
Արեւմտյան հաստատությունների «դոբրոյով» կնքված Սահմանադրությունը Ռոբերտ Քոչարյանին հնարավորություն տվեց վայելել պաշտոնավարման վերջին երկու տարիներն ու մտածել միայն իշխանության անվտանգ փոխանցման մասին։ Իսկ ծայր առնող ընդդիմադիր «Այլընտրանք», «Իմպիչմենթ» թարմ շարժումներն ու «Ժառանգություն» կուսակցությունն առանձնապես չէին հուզում Քոչարյանին, որովհետեւ, իր կարծիքով, նա գտել էր ռեպրեսիայի եւ ժողովրդավարամերձ իմիջի ներդաշնակության բանալին, որի մի օրինակը պահում էր իր սեյֆում, մյուսը՝ Ստրասբուրգում։
շարունակելի
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Ներկա պահին ստացվել է 1 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում:
Շարժումը մաքրվում է ականներից:
Շատ լավ է: Մարքսիստ կոչեցյալը թռավ գնացքից: Վատ չի, ասեմ, քանի որ այդիսիների հեռացումը, Շարժումը ավելի գեղեցիկ է դարձնում:
Այդ մարդը, փաստորեն, իրեն այնքան լուրջ է վերաբերվում, որ ուզում է հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրվել: Մեկն էլ հարցնող լինի, քեզ ընտրողն ով է: Բացի քեզնից ու դիմացի հարեւանիցդ, էլ ով պիտի ընտրի:
Հա, նաեւ ասեմ, որ հայտարարել է, թե ընդդիմությունը պետք է գրավի իշխանությունը:
27-06-08 • 01:40 AMՄիայն մի դիտարկում: Երբ Գագիկ Ջհանգիրյանը Ազատության հրապարակում հայտարարեց բառացիորեն հետեւյալը.
Ես Ձեզ բռնությունների կոչ չեմ անում, բայց , բայց, բայց… չընկրկեք որեւէ ուժի առաջ…
Այ էս խոսքերի համար նրա վրա հոդված են դրել: Բայց երբ մարքսիստը / Դհոլ-3/ հայտարարում է, թե պետք է գրավել իշխանությունը, նրա նկատմամբ որեւէ քնչական գործողություն չի իրականացվում…
Բա…