Սպանվել է Սամվել Ալեքսանյանի եղբորորդին Abraham KOs Miranda!
Հուն 21
image

Լեւոն Տեր-Պետրոսյան.

Բանտում նստած են մեր ազգի ամենագիտակից, քաջ, հերոս, վճռական քաղաքացիները եւ նրանց նստեցրել են այն ոճրագործները, որ պետք է զբաղեցնեին նրանց տեղը, եւ վաղ, թե ուշ նրանք զբաղեցնելու են այդ տեղը…

...Իսկ այժմ ես ձեզ խնդրում եմ չենթարկվել հիպնոսի կամ հոգեխանգարման եւ հանգիստ լսել մեր ապագա գործողությունների ծրագիրը…

... Մենք ուզում ենք այս հանրահավաքով նաեւ ԵԽ-ի, ինչու չէ նաեւ ԵԱՀԿ-ի բյուրոկրատներին ցույց տալ, որ իրենք պետք է դադարեն Հայաստանին վերաբերվել ռասսիստական, իրենց վերին ատյանների դիրքորոշումներով, նրանք պետք է դադարեն արհամարհել մեր ժողովրդին՝ նրան համարելով երրորդ աշխարհի երկրների ժողովուրդ…

... Պարոն քաղաքապետ, պարոն նախագահ համարվող անձնավորություն, մենք 45 դիմում ենք ներկայացրել վերջին ամիսների ընթացքում, բոլորն էլ մերժվել են: Դուք ո՞ւմ եք մերժել, պարոն քաղաքապետ եւ հաջորդը` դուք ո՞ւմ եք մերժում: Դուք ինձ չեք մերժել, դուք մյուս դիմումատուներին չեք մերժել, դուք մերժել եք 200.000, 300.000, 400.000, 500.000 մարդու: Դուք ո՞վ եք, ձեզ ո՞վ է այդ իրավունքը տվել` փակել ժողովրդի բերանը…

... Ավազակախումբը, թաթար-մոնղոլական հանցախումբը կրակ բացեց ժողովրդի վրա: Նրանք վաղ թե ուշ պատասխան են տալու…

... 5000 մարդ են բերման ենթարկել, 500 հոգու ձերբակալել, 130 հոգու կալանովորել, որոնցից 86-ն այսօր էլ գտնվում են բանտերում, եւ նրանցից ոչ մեկին մինչեւ հիմա մեղադրանք չի ներկայացվել մարտի 1-ին զենք կրելու կամ կիրառելու մասին: Չկա եւ չի կարող լինել այդպիսի մեղադրանք: Ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել մեքենաներ հրկիզելու, խանութներ թալանելու մասին. 4 հոգու էին գտել, որոնցից մեկը, պարզվեց, Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերն է,մյուս երեքն էլ Սերժ Սարգսյանի վստահված անձինք, որոնց մասին նրանք հայտարարեցին դատարանում: Ես պահանջում եմ իշխանություններից՝ ձեր անունից, ձերբակալել եւ դատի տալ բոլոր խանութ թալանողներին. վստահ եղեք, որ դրանց մեջ շարժման համակիրներից, կողմնակիցներից ոչ մեկը չկա, բոլորն էլ նրանց սադրիչներն են, ձերբակալեք բոլորին եւ ցույց տվեք մեր ժողովրդին. նրանք կլինեն ձեր օրլիգարխների սափրագլուխները, մեր ոստիկանապետերի հովանավորության տակ գտնվող քրեական ոհմակները…

... Մի՞թե ճիվաղություն չէ, որ 10 զոհերի կապակցությամբ քրեական գործեր չեն հարուցվել դրանք հետաքննելու համար, ճիվաղություն չէ՞, որ այդ 10 զոհերի ընտանիքները չեն ճանաչվել տուժածներ, որոնք արժանի են բավականին մեծ փոխհատուցման, դա չի մեղմի նանց ցավը, բայց փոխհատուցումը պետք է շատ մեծ լինի, առնվազն 1 մլն դոլար պետք է ստանան զոհվածների ընտանիքները, այդ թվում նաեւ զոհված ոստիկանների: Եվ այդ գումարը պետք է վճարվի ոճրագործության գլխավոր հանցագործ Ռոբերտ Քոչարյանի գրպանից…

... Սերժ, դու իմ ընկերն ես եղել, ես քեզ կարող եմ նաեւ «դու»-ով դիմել, նույն իրավունքը ունես նաեւ դու. սա ի՞նչ խելագարություն է՝ ՀՀ-ում ստեղծել մի այնպիսի խնդիր, որը շարունակ բորբոքելու է ժողովրդին, մի՞թե հնարավոր չէ մեկ օրում մեկ զանգով լուծել այդ հարցը եւ դրանից հետո մենք պատրաստ ենք նաեւ նստել երկխոսության իշխանությունների հետ, որպեսզի դուրս գանք այս թնջուկից. սա վտանգավոր իրավիճակ է, վտանգավոր ոչ թե ֆիզիկական բախման իմաստով, այլ մի երկրում, երբ այդպիսի հակադիր քաղաքական ռեալ ուժեր գոյություն ունեն, ոչ իշխանությունն է ունակ նորմալ աշխատելու, թեթեւացնելու ժողովրդի վիճակը, ոչ էլ մեր խաղաղ ցուցարարներն են կատարելու իրանց ընտանեկան ու աշխատանքային պարտքը. հոգեկան խռովքը պետք է հանել մեր ժողովրդի միջից: Այո, մենք պատրաստ ենք երկխոսության, բայց մենք չենք գնալու բազարների…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 10 մեկնաբանություն

  1. Jojoba

    ընդհամենը մի քանի խոսք.

    ուրախ եմ, որ ժողովուրդը տոնեց իր փոքրիկ հաղթանակը՝ նկատի ունեմ, որ հասավ նրան ինչին ձգտում էր, չնայած մտքի խորքում չէր հավատում, որ կստացվի.

    ինչ վերաբերվում է միտինգին, ապա ... եւս 2 մեջբերում, որը հավանաբար դուր չեն գա շատերին.

    եթե չեմ սխալվում Լեվոնը նմանատիպ մի արտահայտություն արեց՝ ժողովուրդ եթե ինձ թույլ տաք, ես իմ վրա կվերցնեմ նաեւ Մարտի մեկի դեպքերի պատասխանատվությունը կամ մի մասը /մոտավորապես նման մի բան ասեց, բառացի չեմ հիշում/

    ակամայից հիշեցի մեկ այլ արտահայտություն նրա, կապված 91-96 թվերին կատարվածի մասին՝
    եթե դուք գտնում եք, որ ես մեղք եմ գործել կամ մեղավոր եմ այդ տարիների սխալի համար, ապա ես ներողություն եմ խնդրում.

    Կրկնում եմ, արտահայտություններն արված են իմ խոսքերով, եթե ինչ որ մեկն ավելի լավ է հիշվում, ապա ուրախ կլինեմ ճշգրտման համար. Հուսով եմ որ շատ չեմ աղավաղել իմաստը.

    Ինչ նկատի ունեմ՝ 2 փախնողական արտահայտություն, որոնք բավականին բացասական եմ որակավորում այս մարդում իմ աչքերում.  Համեմատաբար ավելի լավ կլիներ /իմ համար/, եթե նա երբեւէ չխդրել ներողություն, կամ չընդուներ իր սխալը/սխալները, քանց դա աներ նման կերպ.

    Միգուցե քաղաքականության մեջ ամեն ինչ այլ կերպ է, բայց մարդկային հարաբերություններում ես գնահատում եմ այն մարդկանց, ովքեր կարող են ընդունել իրենց սխալը եվ ներողություն խնդրել. Եթե ոչ, ապա դա «ԻՄ ՄԱՐԴՍ ՉԷ», անկախ նրանից ով է դա՝ կինս, ծնողս կամ երեխաս, թե ընկերս.

    վսյո ... այն ամենը ինչ ես մտածում եմ այս մարդու մասին.

  2. Marat

    >>>ժողովուրդ եթե ինձ թույլ տաք, ես իմ վրա կվերցնեմ նաեւ Մարտի մեկի դեպքերի պատասխանատվությունը կամ մի մասը /մոտավորապես նման մի բան ասեց, բառացի չեմ հիշում/

    Ժոժոբա, եթե չեմ սխալվում, այդպիսի իմաստով արտահայտություն չի արվել:

    Ժոժոբա, չե՞ս կարծում, որ այդտեղ է թաքնված ժողովրդավարության ողջ գաղտնիքը: Լիդերը իր կատարած սխալների համար ներողություն է խնդրում սեփական երկրի քաղաքացիներից:
    Չնայած, ասեմ, որ այդ ամենի խորքում իրականում հնարավոր է ավելի խորքային նպատակներ կան: Քաղաքականություն է:
    Բոլորիս պարզ է, որ քաղաքականության մեջ անմեղ կամ սուրբ չկա:
    Բայց կոնկրետ Հայաստանի դեպքում, ասեմ, որ ժամանակը ցույց է տվել, թե ով է ճիշտ ու ով է սխալ:
    1991-98թթ ունեցել ենք պատերազմող կամ պատերազմում հաղթած պետություն: Կրկնում եմ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Չեմ ցանականում ավելի մանրամասնեմ, կարծում եմ, շատերդ գիտեք, թե ինչ նկատի ունեմ: Իսկ այժմ մեկ հարց բոլորիդ: Մեզ ունե՞նք հիմա պետություն, անկախ պետություն՝ ազատ քաղաքացիներով:

    Ընդունում եմ, որ այն տարիներին(90-ական) եղել են բազմաթիվ չարաշահումներ, ներկայիս արատավոր երեւույթները սկսել են արմատավորվել այն ժամանակներից:Ընդունում եմ նաեւ, որ ներկայիս ընդդիմության շարքերում կան իրենց իրական դեմքը ցույց տված բազմաթիվ պատեհապաշտ գործիչներ,որոնք իշխող վարչախմբից արհամարհվել են, վառվել են եւ այլն:Բայց կարեւորն այն է,որ նրանք առաջին շարքերում չեն եւ հասարակությունը նրանց ճանաչում է շատ լավ:

    Եվ որ ամենակարեւորն է, երբ ժողովուրդը կարողացավ ինքն իրենով գոնե մեկ անգամ ձեւավորել սեփական երկրի իշխանությունը, ապա ՆՐԱՆ հետագայում ոչ մի իշխանավոր չի կարող խաբել, ֆռռցնել կամ օգտագործել:

  3. F5-admin

    եթե չեմ սխալվում Լեվոնը նմանատիպ մի արտահայտություն արեց

    Երեւի այս անգամ սխալվում ես… ես նման բան չեմ կարդացել իր ելույթի տեքստում:

    Լեւոնն իր խոսքը սկսել է այսպես.

    Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր եւ երեխաներ, սա մեր առաջին համահանրապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո, ուստի օգտվելով այս առիթը՝ ես նախեւառաջ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը: Շնորհակալություն:

    Ու հետո շարունակել է այս խոսքերով.

    Սովորական հետընտրական իրավիճակ չէ, որովհետեւ հանցավոր ավազակախումբը, թաթար-մոնղոլական ռեժիմը կրակ է բացել սեփական ժողովրդի նկատմամբ: Եվ վստահ եղեք՝ վաղ թե ուշ այդ ոճրագործները պատասխան են տալու մեր ժողովրդի առաջ: Ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում ձեր թույլտվությամբ առաջարկել այս ոճրագործ իշխանություններին՝ մարտի 1-ի բոլոր զոհերին, այդ թվում նաեւ ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք նույնպես ռեժիմի զոհերն են, արժանացնել «Հայաստանի ազգային հերոսի» կոչման:

    Երեւի այս վերջին` իմ կողմից «հաստացված» նախադասությունն ես ոչ լրիվ լսել:

    Իսկ եթե այդ կամ որեւէ այլ մարդու մասին ի սկզբանե տրամադրված ես լինում «սեւացնելով» ընդունել, ապա, բնականաբար, նրա խոսքերում կամ խոսքերի տողատակում, ոնց էլ լինի, մի բան կգտնես…

  4. Jojoba

    Ադմին չես զգում, որ իմ ասածն եվ քո գրածն տարբեր մտքային բեռ են պարունակում. Չգիտեմ որ աղբյուրից ես օգտվել, եթե Ա1-ից, ապա այնտեղ գրված է 3-րդ դեմքից, լրագրողի տպավորությունները.

    Նման նախադասություն արվել է, ուղղակի չեմ հիշում ինչ ձեվակերպմամբ. Ի տարբերություն շատ շատերի ես անգիր չեմ անում Մեսսայի խոսքերը, ավելի հաճախ կարեւոր են նրանց իմաստ, իսկ վերջին ժամանակներս նաեւ դա էլ կարեվոր չէ.

  5. Philosopher

    Ժոժոբ, ես ուշադիր հետեւելով քո գրածներին` Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, նկատել եմ, որ դու դեմ ես նրան, որ Տեր-Պետրոսյանը չի անում ինչ-որ գործողություններ: Եվ դատելով ներկա իրավիճակից, դու ուզում ես որ նա անի. Հի-մա,Հի-մա: Այդ է հասկացվում քո գրածներից: Թույլ տուր նկատեմ, որ 88-91 թվականների Ղարաբաղյան Շարժումը չհաղթեց Հիմա-հիմա-ի ձեւով: Այլ հաղթեց հարահավաքով: Եվ եթե իշխանությունը զգար, որ երգ ու պարելով չի պարտվի, հաստատ մարտի 1-ը չէր լինի: Այնպես որ, ինձ թվում է, որ դու ուզում ես նախագահականի գրավում: Սա տարբերակ չի: Բարեկամ, դա քաղաքական պայքար չէ: Այ էդ գլուխ կոտրելով` տես Վրաստանում ինչ է կատարվում: Ուկրաինայում էլ այդ հեղափոխությունից հետո քաղաքական ճգնաժամ է: Այնպես որ, մոռացիր: Այս Շարժումը միմիայն խաղաղ եւ հզոր Շարժում է…

    Հ.Գ. Եթե չես ալարում, ապա կարդա Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

  6. Քաղաքացի

    Ժոժոբ, նախագահ Տեր-Պետրոսյանը նման բան չի ասել, և չէր էլ կարող ասել, քանզի նա չի կարող պատասխանատվություն կրել մի բանի համար, որն ինչը ինքը չէր կարող անել:

  7. Jojoba

    »»» Հ.Գ. Եթե չես ալարում, ապա կարդա Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

    Կկարդամ (ուզում եմ հիշել, թե որտե՞ղ եմ լսել կամ կարդացել այդ նախադասությունը): Միտինգին մասնակցել եմ կեսից, հետո էլ քրքրելով ինտերնետը փորձել եմ ամբողջական պատկեր ստեղծել այն ամենի մասին ինչ տեղի է ունեցել: Մարդկանց հետ չեմ շփվել, չեմ կիսվել… հետեվաբար, անձնական ազդեցությունը բացառվում է: Միայն 3 գործոն կա՝ միտինգ, ինտերնետ (հիմանականում` նորությունների տեսքով) եւ ՏՎ (բայց քանի որ ուշ եմ եկել այդ օրը, համարյա ՏՎ էլ չեմ նայել):

    »»» Ժոժոբ, նախագահ Տեր-Պետրոսյանը նման բան չի ասել, և չէր էլ կարող ասել, քանզի նա չի կարող պատասխանատվություն կրել մի բանի համար, ինչը ինքը չէր կարող անել:

    Նկատի ունես, որ նա պատասխանատու չէ՞ այդ դեպքերի համար:

    Ես նույնիսկ ինձ եմ համարում պատասխանատու այդ ամենի համար, քանի որ քանի-քանի անգամ գնացել եմ միտինգի, տեսել եմ թե ինչ էր կատարվում մարտի 1-ին, ենթագիտագցաբար կռահելով, թե ինչպիսին է լինելու շարունակությունը եվ...լռել:

    Իսկ մի մարդ, ով գիտակցաբար տանում էր դրան (չփորձեք ինձ համոզել, թե նա չգիտեր, չէր պատկերացնում, չէր հավատում, սցենարը այլ կերպ էր գրված), պատասխանատվություն չի կրում այդ ամենի համար:

    Եթե այդպես է, ապա ես ինքնաբացարկ եմ համարում, եւ այլեւ չեմ մասնակցի ձեր բանավեճերին քաղաքական թեմաներով, այլապես մեր խոսակցություններն անընդհատ բերելու են անկապ բառակռվի:

    Փիլիսոփա եվ ֆենոմեն. հասա՞ք ձեր ուզածին՝ ինքս ինձ հայտարարեցի համարյա Պ. Նոն գրատա: Կլինեմ բլոգի անդամ առանց ձայնի իրավունքի grin

  8. Jojoba

    Մի՞թե սա ամբողջական ելույթն է:

    Կարդացի առնվազն 3 րոպեում, իսկ ինքս առնվազն լսել եմ նրան 50-60 րոպեից ոչ պակաս, միգուցե նաեվ ավելի.

    եթե այդպես է, ապա նման տող չկա, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը՝ Տաթեւին խաբկանքների մեջ գցելու համար:

    Հ.Գ. Լավ, գնացի բերանս կարեմ եւ վեր ընկնեմ տեղս. եթե տեսնեմ որեւէ տարբերակ չկա լռելու, ապա սպասեք նոր ծածկանունով : -(

  9. Marat

    Էս անգամ Տաթեեւիկը չէր: Տեսա՞ք: Երեկ գեոզիստներով, ճարտարապետներով, ճարտարագետներով հաշվում էին, թե որքան է Մատենադարանին հարող տարածքի մակերեսը, թե քանի մարդ կտեղավորի՝ եթե հաշվի առնենք շոգը, եթե չհաշվենք օդի դիմադրությունը, ցուցարարների միջին քաշը, միջին ծավալը, յուրաքանչյուր ցուցարարի ոտնաթաթերի միջին հեռավորությունը, դրոշակների, պաստառների առկայությունը եւ այլն:  grin

    Էս ի՞նչ օրի են հասել: Եվ այս ամենը շաբաթվա լուրերի գլխավոր թողարկման ժամանակ:

  10. Marat

    http://www.hzh.am/21-06.html

    Ժոժոբա,այստեղ գրված է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը բառիս բուն իմաստով` բառ առ բառ:  grin

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org