Armenianow.com-ն տեղեկացնում է - մեկ հոդվածով Ցտեսություն, դեմոկրատիա
Մար 21

Մղձավանջ Պարոնյան փողոցում. ցուցարարը պատմում է սարսափի ու վճռականության մասին

57-ամյա Գրիզելդա Ղազարյանի գլուխն ամբողջովին վիրակապված է: Ոստիկանական մահակի հարվածից բացված պատռվածքի վրա ութ կար է դրվել:

«Հետո լավ չեմ հիշում արդեն, միայն զգում էի, որ ինչ-որ տաք բան է հոսում դեմքիս վրայով,- ասում է Գրիզելդան: - Կարծում էի, որ «այլանդակությունը» վերջացել է օպերայի հրապարակում, բայց երբ տեսա, թե որքան զորք է լցվում Մյասնիկյանի հրապարակ, ու ժողովուրդը պատրաստվում է ինքնապաշտպանության, հասկացա, որ մորթելու են մեզ, ու ես պատրաստ էի մորթվելու»:

Ցուցարարների շարքերում Գրիզելդա Ղազարյանը եղել է աղջկա` 24-ամյա Գայանեի, և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կնոջ հետ: Ժամը 8:30-ի սահմաններում նրանք լքում են Մյասնիկյանի հրապարակը և ոտքով բարձրանում դեպի Պարոնյան 18 շենք, որտեղ ապրում է Շիրխանյանների ընտանիքը:

«Աղջիկս վատ էր զգում, ու որոշեցինք գնալ Շիրխանյանների մոտ թեյելու: Երբ հասանք Մաշտոցի պողոտայի անցումի մոտ, տեսանք, թե որքան զինվոր են լցրել այդտեղ: Այդ զինվորները մեզ քշելով տարան մինչև Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկ: Մենք ոտքով էինք գնում Պարոնյան 18, սակայն Պարոնյան 14-ի անկյունային շենքի մոտ զինվորներ կանգնեցին, նրանց մեջ մտան սաղավարտավորները»,- պատմում է Գրիզելդան:

Ասում է, որ զինվորականների մեջ մի սպայի դեմքով ճանաչում է, հաճախ տեսել էր Ազատության հրապարակում: Մոտենում է նրան ու ասում. «Էս ի՞նչ եք անում, էս ի՞նչ եղբայրասպան պատերազմ է»:

Այնուհետև կրակոցներ են լսվում: Գրիզելդան ասում է. «Մտածեցի` վերջ, հիմա բոլորիս այստեղ կսպանեն: Մտածում էի, թե որտեղ է հիմա տղաս այդ ամբոխի մեջ, ու գուցե նրա վրա էլ են կրակում այս պահին: Բոլորս սկսեցինք այդ կրակոցներից բղավել: Մինչ այդ մարդիկ մայթերով դեռ գնում-գալիս էին, բայց այդ սաղավարտավորները մայթերն էլ փակեցին»:

Գրիզելդան ասում է, որ այդ ամենից իրեն կորցրած` մոտեցել է ծանոթ դեմքով սպային ու ասել, որ երբ այս ամենը վերջանա, պոկելու է նրա ուսադիրները: Ի պատասխան Գրիզելդայի խոսքերի` սպան մահակով հարվածել է նրա փորին: Սպային հեռացրել են կնոջ մոտից, սակայն նա շարունակել է կեղտոտ հայհոյանքներ տեղալ կանանց հասցեին:

Կրակոցների տարափի տակ Գրիզելդան ասում է, որ աղջիկը` Գայանեն, սկսում է բղավել. «Թուրքեր, էս ի՞նչ եք անում, նրանք կորցնելու բան ունեն, դուք ի՞նչ ունեք կորցնելու, ո՞ւմ շահերն եք պաշտպանում, երկիրը մերն է` քաղաքացիներինը»:

Գրիզելդան ասում է, որ Գայանեն դեռ բղավում էր, երբ սաղավարտավորները հարձակվեցին նրա վրա:

«Տեսա շենքի մուտքի դռներից մեկն ու փորձեցի ներս մտնել: Բայց հենց ուզում էի ոտքս ներս դնել, գլխիս ուժեղ հարված ստացա: Լսում էի, թե ինչպես են գոռում. «Բռնեք էդ պոռնիկին, քաշեք դրան ստեղ»: Աղջկաս հետ էին: Տեսա` ինչպես Գայանեի կապուշոնից քարշ տվեցին դեպի փողոցի մեջտեղ ու սկսեցին մահակով հարվածել: Ես ընկած տեղից տեսնում էի` ոնց են չորս-հինգ հոգի քացիներով խփում աղջկաս: Լսում էի Վահան Շիրխանյանի կնոջ ձայնը. «Ռաֆայել Ղազարյանի կնոջը մի խփեք, աղջկան մի սպանեք»:

Գրիզելդան ասում է, որ ինչ-որ մեկը զինվորական համազգեստով կանգնում է իր գլխավերևում: Հետո քարշ տալով բերում է աղջկան: Գայանեն ի վիճակի չի լինում քայլելու:

«Ես գոռում էի` սրիկա, անասուն, թուրք, իսկ նա շատ հանգիստ տոնով ռուսերեն պատասխանեց. «Ես փրկեցի ձեր ու ձեր աղջկա կյանքը»: Հետո մեզ մտցրեց շենքի մուտք, նաև Շիրխանյանի կնոջը, ու դուռը փակեց»,- պատմում է Գրիզելդան:

Սեփական ոստիկաններից ու զինվորներից ծեծված ու ստորացված կանայք սկսում են բախել դռները: Առաջին հարկում նրանց չեն արձագանքում: Երկրորդ հարկում մի կին նրանց ներս է թողնում:

«Մեզ ներս թողեց, իսկ այնտեղ արդեն տեղ չկար, այնքան մարդ էր ներս մտել: Պատահական անցորդներ էին: Հետո շենքի հետնամասից լսեցինք լացի ձայներ: Ասացինք. «Ծպտուն մի հանեք ու լցվեք ներս»: Այդ ձայնի վրա միայն կգային ու կսկսեին ծեծ ու ջարդը: Տանտիրուհին իրեն կորցրել էր, ասում էր. «Խնդրում եմ` հեռու կանգնեք պատուհաններից, ներքևում ավտոբուս է վառվում, որ պայթի, ապակիները կլցվեն ձեզ վրա»:

Գրիզելդան սարսափով է պատմում այն տեսարանի մասին, որի ականատեսն են եղել արդեն պատուհաններից նայելիս:

«Պարոնյան-Լեո հատման կետում իսկական պատերազմ էր: Ես անընդհատ մտածում էի տղայիս մասին, որին թողել էր Մյասնիկյանի հրապարակում: Երբ վերջապես կապվեցի նրա հետ, ասաց, որ իրենց մոտ հանգիստ է: Մինչև 1:30-ը սպասել ենք շտապօգնության, որն այդպես էլ չեկավ: Հետո մենք ենք մեքենայով գնացել Հանրապետական հիվանդանոց»:

Գրիզելդան ցույց է տալիս կապտուկների մեջ կորած մեջքն ու ուսերը: Նույն վիճակում է նաև աղջիկը: Գայանեն ցավերից քայլել անգամ չի կարողանում:

Գրիզելդա Ղազարյանը դիմել է դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, ԵԱՀԿ գրասենյակ:

«Դա նպատակաուղղված սպանություն էր, ես ճանաչեցի նրանց, իրենք` ինձ: Գիտեն, որ շարժման ակտիվ մասնակից եմ, ու վերջապես վկա եմ, չէ որ դեմքով ճանաչեցի այդ սպային: Անունը չգիտեմ, բայց կիմանամ»,- ասում է նա:

Գրիզելդան ամեն օր մասնակցել է ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներին ու երթերին: Ասում է, որ ինն օր շարունակ ոչ մի անօրինականություն չի տեսել:

«Գիտե՞ք, արյունով ոչ ոք իշխանության չի գալիս: Դա հասարակության բողոքն էր: Ու թող չկարծեն, թե այդ ամենով կոտրեցին ժողովրդի կամքը: Ինքս քանի կամ, այնքան պայքարելու եմ,- ասում է նա ու շարունակում: - Երկիրը պետք է երկիր լինի: Ես չեմ ուզում, որ իմ տղան, իմ աղջիկը գնան այստեղից, հասկանո՞ւմ եք, չեմ ուզում»:

Գայանե Մկրտչյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Published: 21, Մարտ, 2008
http://armenianow.com


Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org