Նամակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
18 մարտի 2008 ԺԽ-0044/08
Պարոն Աղվան Հովսեփյանին
ՀՀ գլխավոր դատախազ
Երեւան, Հայաստանի Հանրապետություն
Պարոն գլխավոր դատախազ,
Ազգային Ժողովի 2008թ. մարտի 4-ի արտահերթ նիստի ընթացքում, ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հարցերի, ովքեր մարտի 1-ի ցերեկը եղել էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, Երեւանի քաղաքապետարանին, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում, Դուք պատասխանեցիք. «Որպես ականատես, կարող եք գալ դատախազություն եւ ցուցմունք տալ, ես միայն շնորհակալ կլինեմ ձեզ, որպեսզի կարողանանք այդ հանգամանքները պարզել»: Իսկ Ձեր եզրափակիչ ելույթում վերստին հնչեցրիք, որ այն� «պատգամավորները, որոնք այս ամբիոնից հայտարարեցին իրենց ականատես լինելու մասին, ես ինձ մոտ նշել եմ, դուք անպայման կհարցաքննվեք՝ որպես վկաներ, եւ ես շնորհակալ կլինեմ դրա համար»։ Ձեր այս հայտարարությունը, որն ուղիղ մեջբերված է ԱԺ 2008թ. մարտի 4-ի նիստի սղագրությունից, մենք ընկալեցինք իբրեւ մարտի 1-ին տեղի ունեցածը բազմակողմանի քննության ենթարկելու շահագրգռություն:
Օրեր անց ԶԼՄ ներկայացուցիչների հետ Ձեր հանդիպումներից մեկում` նախքան պատգամավորներին հարցաքննության հրավիրելը, Դուք կրկին հավաստեցիք, որ որպես վկաներ հարցաքննվելու են նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, ավաղ, կանխակալ կարծիք հայտնելով, թե «նրանց խոսքերը սուտ են»: («Ազատություն» ռադիոկայան, 7 մարտի 2008թ.): Մենք այդ հայտարարությունը գնահատում ենք իբրեւ նախաքննության մարմնին ուղղորդելու հրահանգ եւ պաշտոնական լիազորությունները գերազանցելու փաստ, որի արդյունքները երկար չսպասեցրին:
Մարտի 10-ին Հատուկ քննչական ծառայություն վկայություն տալու է հրավիրվել ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Վկայություն տալուց հետո նրա եւ հարցաքննությանը ներկա փաստաբանի կողմից արձանագրություն է ստորագրվել նախաքննության արդյունքները չհրապարակելու վերաբերյալ: Հարցաքննության կապակցությամբ տրված հարցազրույցում Ստյոպա Սաֆարյանն այն գնահատել է ոչ բազմակողմանի եւ ոչ անաչառ: Չհրապարակելով նախաքննության տվյալներ` նա հայտնել է նաեւ, որ քննիչի կողմից իր անմեղության կանխավարկածը խախտող եւ ակնհայտ մեղադրանք պարունակող հարցեր են ուղղվել պատգամավորի կարգավիճակից բխող գործողությունների, հայտնած կարծիքների ու ԱԺ ամբիոնից ունեցած ելույթների կապակցությամբ, ինչն արգելվում է ՀՀ Սահմանադրության 21 եւ 66, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածներով:
Մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի եւ նախաքննության նկատմամբ Գլխավոր դատախազությունում ձեւավորված դատավարական ղեկավարումն ու հսկողությունը իրականացնող խմբի ղեկավար Հակոբ Ղարախանյանի տված մամուլի ասուլիսում քննիչ Վ.Հարությունյանը, ապա նաեւ նույն օրը ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը հրապարակել են Ստյոպա Սաֆարյանի` ավելի քան 7 ժամ տեւած հարցաքննության ընդամենը մի հատված: Հաշվի առնելով դա` խնդրում ենք մեզ տրամադրել Ստյոպա Սաֆարյանի հարցաքննության ամբողջ տեքստի լուսապատճեն:
Հարցաքննության վերոհիշյալ հատվածի հրապարակումը դատախազության հաղորդագրության մեջ զուգակցված է ԱԺ արտահերթ նիստում Սաֆարյանի տված հարցով, որի մեջ ընդգծված «ականատես» բառը Ձեր լրատվական ծառայության կողմից, չգիտես ինչու, մատուցվում է իբրեւ վրաերթի ականատես լինելու իրողություն: Մեջբերում ենք Սաֆարյանի հարցը. «Պրն Հովսեփյան, ձեր ներկայացրած տեղեկանքում, միջնորդագրում նկարագրված են մարտի 1-ի իրադարձությունները, սակայն, թե իբրեւ ականատես, թե նաեւ բազմաթիվ այլ ականատեսների հետ զրուցած անձնավորություն, դուրս է թողնվել մի էպիզոդ, թե ինչպես էր ոստիկանության մեքենան վրաերթի ենթարկել ցուցարարներից երկուսին։ Արդյոք, այս բացթողումը վրիպո՞ւմ է, թե՞ ոչ»: Ինչպես երեւում է� հարցից, որտեղ ընդգծված ձեւակերպումը միջանկյալ արտահայտություն է, խոսքը վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին ականատես լինելուն (որոնց մի մասին ականատես են եղել խմբակցության այլ պատգամավորներ եւս): Հարցաքննության արդեն իսկ հրապարակված հատվածից ակնհայտ է, որ այդ դրվագներից մեկը վերաբերել է ոստիկանական մեքենայի` ցուցարարների հոծ բազմության մեջ մխրճվելու պահին ականատես լինելուն, ինչը հստակ նշել է Սաֆարյանը: Իսկ բուն վրաերթի մասին նրան պատմել են մի շարք ականատեսներ, ինչը նա եւս վերահաստատել է իր վկայության մեջ: Նաեւ անհասկանալի է, թե ինչու՞ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության սկզբում խոսվում է Սաֆարյանի բարձրացված հարցադրումից, սակայն հաջորդ պարբերության մեջ այն ներկայացվում է իբրեւ հայտարարություն: Հետեւաբար ապատեղեկատվություն ենք համարում այս պարզունակ մեքենայության հիման վրա կառուցված հաղորդագրության այն հատվածը, թե «Սույն հայտարարությունից 6 օր հետո` 10.03.2008թ.-ին, որպես վկա, փաստաբանի ներկայությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվելիս Ստյոպա Սաֆարյանը, ըստ էության, հրաժարվել է իր հնչեցրած հայտարարությունից»: Ստյոպա Սաֆարյանը մանրամասնել է, թե ինչի ականատես է եղել ինքը եւ ինչի ականատես` այլոք: Եվ քննչական խմբի պարտականությունն է վերականգնել սույն դրվագին վերաբերող եւ մատնանշված բոլոր փաստերի միջեւ պատճառահետեւանքային կապերը, այլ ոչ թե պատգամավորներին զրպարտելը կամ հետապնդելը: Պահանջում ենք մեկ այլ հաղորդագրությամբ հերքել Գլխավոր դատախազության մարտի 12-ի հաղորդագրության մեջ տեղ գտած ապատեղեկատվությունը բոլոր ԶԼՄ-ներով, որոնցով այն տարածվել է, եւ, որը բազմաթիվ հրապարակումներում հանգեցրել է մարտի 7-ի Ձեր հայտարարության մեջ օգտագործված «սուտ» բառի հոլովմանը` մարդկանց պիտակավորմանն ու զրպարտությանը (Օրինակ, «Հայոց աշխարհ», 13 եւ 14 մարտի 2008թ.):
Սույն նամակին կից DVD սկավառակում Ձեզ ենք ուղարկում մարդկային հոծ բազմության մեջ ոստիկանական մեքենայի մխրճվելու դրվագին վերաբերող եւ հանրությանը մատչելի 3 տարբեր տեսանկարահանումներ: Խնդրում ենք տեսաերիզները մանրակրկիտ դիտելուց հետո պատասխանել հետեւյալ հարցադրումներին.
1. Ինչպե՞ս կոչել այն իրավիճակը, երբ մեքենան հարվածում է մարդուն, ինչը Դուք աննշան ցանկության դեպքում կտեսնեք տեսանկարահանումներից մեկում:
2. Ի՞նչ իրավական գնահատական կտաք ոստիկանական մեքենայի վարորդի արարքին, երբ նա նման մարդաշատ վայրում եւ նման արագությամբ մխրճվում է մարդկային հոծ բազմության մեջ, եւ ո՞վ պետք է կրի նրա կողմից ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը:
3. Հայտնաբերվել է արդյո՞ք այդ ոստիկանական մեքենայի վարորդը, հարցաքննվե՞լ է, ի՞նչ է պատճառաբանել, եւ ո՞րն է եղել մեքենայով բազմության մեջ մտնելու նրա նպատակը:
4. Իրավաբանորեն ինչպե՞ս են կոչվում այն հազարավոր մարդիկ, որոնց Դուք նույնպես կտեսնեք տեսաֆիլմերում, եւ ովքեր Երեւանի քաղաքապետարանին, կամ Մոսկվայի տանը, կամ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ակնդետ հետեւում են բազմության մեջ մխրճվող ոստիկանական մեքենային, կամ ֆրանսիական դեսպանատան ու Սունդուկյանի անվան թատրոնի մոտ մազապուրծ փախչում իրենց վրա եկող ավտոմեքենայի առջեւից:
5. Խնդրո առարկա դրվագի պահին հիշյալ տարածքում գտնված ոստիկաններից արդյո՞ք որեւէ մեկը չի տեսել այդ պահը:
6. Ինչպե՞ս է կոչվում այն մարդը, ով տեսախցիկի առջեւ պատմում է իր տեսածը, որը նույնպես կտեսնեք տեսանյութերից մեկում:
7. Ինչպե՞ս է պատահել, որ Ձեզ ուղարկվող տեսանկարահանումները հանրությանը հասանելի են, մինչդեռ դրանք քննչական մարմնի տրամադրության տակ չկան, եւ մարտի 12-ի դրությամբ հայտարարվում է, թե «նախաքննության ընթացքում առ այսօր չկա փաստ մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոչ միայն տվյալ հանգամանքներում ոստիկանական ավտոմեքենայի, այլ նաեւ այլ վայրում, այլ հանգամանքներում վրաերթ տեղի ունենալու վերաբերյալ» (Հանրային ռադիո, 12.03.2008թ.):
Հուսով ենք` Ձեզ ուղարկվող տեսանյութերը նույնպես կցուցադրվեն հեռուստաընկերություններով, ինչպես նաեւ կհարստացնեն նախաքննության մարմնի տրամադրության տակ եղած նյութերը` հիմք հանդիսանալով «վրաերթ չլինելու» ստահոդ թեզն իբրեւ սադրանք եւ հոգեբանական դիվերսիա, փսիխոզ տարածող պաշտոնյաների ու անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
Հարգանոք եւ ի դեմս խմբակցության `
Անահիտ Բախշյան
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները