Չոբանի երկիր Հայաստանս-2 7 հարց Աղվան Հովսեփյանին
Մար 19
heritage

Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության հայտարարությունը ընտրական եւ հետընտրական իրավիճակի վերաբերյալ

ժառանգություն խմբակցությունը համարում է, որ ս.թ. մարտի 1-ին Երեւանում արտակարգ դրություն հաստատելով` գործող նախագահը ընտրությունների արդյունքները եւ դրան նախորդող ողջ գործընթացը դուրս բերեց օրինականության շրջանակներից` խախտելով ՀՀ սահմանադրության 53.1 հոդվածը: Մեր պետականության կարճատեւ ընթացքում` անգամ ամենադժվարին պահերին ու օրերին, սկսած 1991-1994թթ. Արցախյան ազատագրական պատերազմից մինչեւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ պետության գլխատումը եւ դրանից հետո, երկրում կամ մայրաքաղաքում արտակարգ դրություն չի հայտարարվել, հրամանագրով չեն սահմանափակվել անձի քաղաքական ու քաղաքացիական իրավունքները: Համոզված լինելով, որ նախագահի այդ որոշումը համարժեք չէ իրավիճակին եւ հակասում է Հայաստանի միաջազգային պարտավորություններին, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-10 կետերին, Ժառանգությունը պահանջում է անհապաղ վերացնել արտակարգ դրությունը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցներում արձանագրված, ընտրական գործընթացի ժամանակ տեղ գտած համակարգային բնույթի կոպտագույն ընտրական խախտումների անառարկելի փաստերի մեծ մասը համընկնում է քվեարկության օրն ու դրան հաջորդած շրջանում Ժառանգության գրասենյակում եւ ընդդիմության շտաբներում հավաքագրված` խախտումներն արձանագրող փաստերի հետ:

Ցավալի է, որ ՀՀ սահմանադրական դատարանը չկարողացավ իրականացնել նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող թեկնածուների ներկայացրած, ինչպեսեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցներում մատնանշված փաստերի համակողմանի, համալիր եւ անկաշկանդ քննությունը: Ժառանգությունը այդ վճիռն ընդունում է ի գիտություն` միաժամանակ փաստելով, որ սույն վճիռը, ի հեճուկս այն իրողության, որ հանդիսանում է ընտրական գործընթացի բաղկացուցիչ մաս, ընդունվել է արտակարգ դրության պայմաններում: Մենք մեկ անգամ եւս հաստատում ենք ընտրական գործընթացի, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների օրենսդրական բարելավման հարցում մեր անսասան վճռականությունը: Այդ տեսակետից միանգամայն անընդունելի ենք համարում Ազգային ժողովի մարտի 17-ի արտահերթ նիստով, արագացված ընթացակարգով եւ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջների խախտումով ընդունված` Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքի փոփոխությունները, որոնք ավելի են սրում ներկա քաղաքական ճգնաժամը, խեղում են ժողովրդավարական գործընթացն ու բովանդակությունը, հակասում են միջազգային նորմերին ու չափանիշներին, ավելին` մեր երկրում խոսքի ազատության, հավաքների, տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքների ոտնահարման նոր դրսեւորում են:

Իշխանությունները ողջամտության շրջանակներում հաշվի չնստեցին երկրում տիրող անօրինականությունների, սոցիալական անարդարությունների եւ դրանց անքակտելի շարունակությունը հանդիսացող` կեղծված ընտրությունների հետեւանքով ժողովրդի մի ստվար հատվածի ըմբոստության ալիքի հետ: Փորձ արվեց բիրտ ուժի գործադրմամբ եւ պաշտոնական լիազորությունների գերազանցման միջոցով ճնշել 9 օր տեւած խաղաղ հանրահավաքների, երթերի եւ նստացույցի ընթացքում զարթոնք ապրող ժողովրդի քաղաքացիական շարժումը, ինչը դարձավ պետության ժողովրդավարական հիմքերի խարխլման, երկրի միջազգային վարկանիշի անկման պատճառ:

Ժառանգությունը գործող իշխանություններից պահանջում է պարզաբանել, թե ով է մեր երկրում իրեն վեր դասում գլխավոր օրենքից` Սահմանադրությունից եւ ինչպես կարող էին զինված ուժերը մինչեւ արտակարգ դրության հաստատումը խառնվել ներքաղաքական կյանքին: Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում ենք բացահայտել եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել մարտի 1-ին ՀՀ քաղաքացիների հանդեպ իրականացված ոճրագործության հեղինակներին:

Մենք կարեւորում ենք մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացահայտումը, սակայն չենք վստահում ՀՀ իրավապահ մարմիններին: Այդ անվստահության հիմքը վերջիններիս կողմնակալ եւ շահախնդիր պահվածքն է: Այսպես` ս.թ. մարտի 8-ին նախքան ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավորների հարցաքննումը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրատվամիջոցներով կանխակալ կարծիք հայտնեց, թե պատգամավորների խոսքերը սուտ են: Ժառանգությունը ՀՀ նախագահի եւ Ազգային ժողովի ուշադրությունը հրավիրում է այն փաստին, որ պատգամավորների քաղաքական ելույթներին Աղվան Հովսեփյանի նույնկերպ պատասխանելը ոչ այլ ինչ է, քան քաղաքականությամբ զբաղվելու ապացույց, ինչն արգելված է օրենքով եւ պաշտոնական լիազորությունների գերազանցում է: Ավելին` Հովսեփյանը ԱԺ մարտի 4-ի նիստի ժամանակ խեղաթյուրված է ներկայացրել Արմեն Մարտիրոսյանի տված ցուցմունքը` ասելով, թե Արմեն Մարտիրոսյանը սադրիչների մասին ոչինչ չի ասել: Մենք վերը նշվածը գնահատում ենք իբրեւ կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդման դրսեւորում եւ պահանջում ենք վերջ տալ նման արատավոր գործելակերպին:

Անկախ, անաչառ, բազմակողմանի քննություն իրականացնելու եւ առկա բոլոր փաստերով, տեսաժապավեններով ու լուսանկարներով հանցագործության ողջ պատկերը վերականգնելու նպատակով Ժառանգությունը ՀՀ իշխանություններից պահանջում է հրավիրել միջազգային փորձագետներ, անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին եւ կոչ է անում համարձակություն ունենալ երկխոսություն սկսելու ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ:

Ժառանգությունը ողջունում է Հայաստանի քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, միջազգային հանրության ներկայացուցիչների ջանքերը` ուղղված մեր երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանը: Սակայն դատապարտելին այն է, որ խորհրդային 30-ական թվականների ոճով ու ոգով ձերբակալվում, ոստիկանության բաժանմունքներ են բերման ենթարկվում ՀՀ քաղաքացիներ, որոնցից շատերի դատապաշտպանական իրավունքները չեն հարգվում, եւ նրանք դառնում են քաղաքական հաշվեհարդարի զոհեր:

Վերստին ցավակցություն հայտնելով մարտի 1-ի արյունոտ գարնանամուտի զոհերի ընտանիքներին ու հարազատներին, ինչպեսեւ մեր զորակցությունը հայտնելով վիրավորներին` պահանջում ենք այս իրավիճակի պատասխանատու իշխանության տարբեր օղակներից` լրատվականից մինչեւ դատական, անհապաղ դադարեցնել անխոհեմ գործողություններով եւ միակողմանի ու սադրիչ քարոզչությամբ կրքերի բորբոքումը:
Ժառանգությունը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է հանրային նոր, իրական ու ազնիվ երկխոսության մեջ, որը կհանգեցնի ոչ միայն ազգային առաջընթացի, այլեւ գործելակերպի ու մտածողության նոր որակի:

18 մարտի 2008թ.
Երեւան

Աղբյուր
Ներկայացվել է նաեւ 168 оր-ի ինտերնետային էջում:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org