ԼՂՀ կարգավիճակը որպես բանակցությունների մեխ Մեզ լրիվ հիմարի տեղ են դրել
Հուն 06
Djivani

Հարգելի F5-բլոգի անդամներ, Ջիվանու այս երկը այնքան խորիմաստ է, որ կարելի էր միանգամից տեղադրել բոլոր բաժիններում (հատկապես՝ Քաղաքականությունում եւ Հասարակությունում):

Կարդացեք ու զգացեք, թե ավելի քան 120 տարվա վաղեմիության Ջիվանու այս երգն ինչպիսի ճշգրտությամբ է համապատասխանում այսօրվա իրականությանը:

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Նվեր ալեքսանդրապոլցի
Պ. Հովհաննես Խոջայանցին

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում Է որս խլել, խելքի՛ աշեցեք,
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի’ աշեցեք։

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք:

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք:

Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.
Աղվեսը հավնոցի ղռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։

Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ Է տվել, խելքի՛ աշեցեք:

Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չըզգալով, սպիտա՛կ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի՛ աշեցեք:

Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
Ուրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև Է հագել, խելքի’ աշեցեք:

Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
Էշը մեջ է ընկել, խելքի՛ աշեցեք:

Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։

Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,
Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք:

Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք,
Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ,
Իրան ժամ չի անիլ, խելքի՛ աշեցեք։

Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։

Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։

Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի՛ աշեցեք։

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած,
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած
Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։

1883

ՎաՎա-ի ստորագրությունը


Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org