Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ շաբաթ օրը իրենց անհանգստությունն են հայտնել լրատվական դաշտում ստեղծված իրավիճակի առթիվ:
Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ -Հայաստան»-ը, «Ինտերնյուս»-ը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Վանաձորի մամուլի ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը համատեղ հայտարարության մեջ նշում են, որ մարտի 1-ից ի վեր տեղեկատվական ոլորտում եղել են օրինականության եւ արտակարգ դրության ռեժիմի բազմաթիվ խախտումներ:
Մասնավորապես, ըստ հայտարարության հեղինակների, մի շարք լրատվամիջոցներ, խախտելով նախագահի հրամանագրի 4-րդ կետի, 4-րդ ենթակետը, հրապարակում ու հեռառձակում էին ոչ միայն պաշտոնական տեղեկատվություն, այլեւ` քաղաքական քարոզչություն, որի մեծ մասը միակողմանի էր, ընդդիմությանը վարկաբեկող ու վիրավորող:
«Նման անընդունելի լուսաբանման ամենացցուն օրինակը տալիս էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքը (Հ1), որը ոչ միայն անտեսում էր Հրամանագրի դրույթը, այլեւ հերթական ան�ամ կոպտորեն խախտում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 28-րդ հոդվածի պահանջը, այն է` «Հանրային հեռուստառադիոընկերությունում` (...) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը (...) արգելվում է», - ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նաեւ անդրադառնում են տպագիր մամուլում ստեղծված իրավիճակին. - «Չնայած հրամանագրով մտցված սահմանափակումները գրաքննություն չէին նախատեսում, ինչը նաեւ ար�ելված է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի օրենքի 4-րդ հոդվածով, այդ օրերին ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ երկրում փաստացի կիրառվում էր նախնական գրաքննություն: Դրա հետեւանքով որոշ համերկրային թերթերի տպա�րությունն արգելվել էր բովանդակության պատճառով: Մի շարք հրատարակություններ, բախվելով անօրինական խոչընդոտների, հրաժարվեցին աշխատելուց, որովհետեւ հնարավորություն չունեին ներկայացնելու ընդդիմադիր եւ քննադատական տեսակետներ, այն դեպքում, երբ ընդդիմությանը վարկաբեկող եւ վիրավորող, հաճախ` ագրեսիվ արտահայտությունների հրապարակումը այլ թերթերում որեւէ կերպ չէր սահմանափակվում: Ըստ ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունների, նախնական գրաքննությունն իրականացնում էին անձինք, ովքեր ներկայանում էին իբրեւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ», - նշում են հայտարարությունը ստորագրած կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նաեւ անդրադարձել են մի շարք ինտերնետային լրատվական կայքերի արգելափակմանը. - «Այս գործողությունն ընդհանրապես ապօրինի է, իսկ առանց որեւէ հիմքի արգելամիջոցների կիրառումն այս պարագայում` գնահատում ենք անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում: Այստեղ եւս դրսեւորվել էր քաղաքական խտրականություն, քանի որ արգելափակվել էին այն կայքերը, որոնք նախկինում իրենց թույլ էին տալիս իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներ տարածել», - նշված է հայտարարության մեջ:
Այս ամենից ելնելով հայաստանյան հասարակական կազմակերպությունները պահանջում են` պատասխանատվության ենթարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` հեռարձակվող ԶԼՄ-ներում անընդունելի իրավիճակի համար; հետաքննել ապօրինի գրաքննություն կիրառելու, ինտերնետային կայքերը արգելափակելու հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել այդ հակաօրինական գործողություններն իրականացնողներին ու նման հրահանգ տվողներին; անհապաղ վերանայել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի նախագահի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը:
«Միեւնույն ժամանակ, գիտակցելով, որ ստեղծված իրավիճակի եւ օրինականության կոպիտ խախտումների համար պատասխանատու` այս հայտարարության մեջ հիշատակված մարմինները գործում էին իշխանությունների վարած ընդհանուր քաղաքականության համատեքստում, մենք շեշտը դնում ենք ոչ-թե պատժի խստության, այլ խախտումների եւ պատասխանատուների իրավական արձանագրման վրա: Օրենքի գերակայությունը եւ իրավական նախադեպը հատկապես կարեւոր են ապագայում խոսքի ազատության ոտնահարման որեւէ դրսեւորում բացառելու համար, - գրված է հայաստանյան հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ:
azatutyun.net
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները