Քիչ առաջ վերադարձանք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից, որտեղ Ազատության հրապարակից տեղափոխել էին 7 վիրավորների:
Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյան ՚Ա1+ՙ-ին հայտնեց, հիմա հիվանդանոցում գտնվող 7 վիրավորների վիճակը բավարար է: Նա հայտնեց, որ շտապ օգնության մեքենայով 2 վիրավորների բերել են առավոտյան ժամը 7:40-ին, ապա 2 վիրավոր էլ բերել են 7:45 - ին, ապա 8.05-ին նորից մեկ հիվանդ, իսկ 10:10 րոպե 2 հիվանդ եւս բերել են:
՚Ընդունած հիվանդները բոլորը տղամարդիկ են, մենք անմիջապես տագնապ արեցինք, բժիշկներով խորհրդակցեցինք ու հետազոտումից հետո համապատասխան բաժանմունքներում օգնություն ցույց տվեցինքՙ,-պատմեց բժիշկը:
Ըստ նրա` 4-ի մոտ կա գլխներին` վերքեր, որոնք արդեն մշակվել ու կարվել են, 2-ի մոտ կոտրվածքներ կան, մեկը բրոնխիալ ասթմայով հիվանդ է, ով բժշկի հավաստմամբ նախօրեին եւս դիմել էր իրենց եւ վիճակը կայունացրել էին:
՚Որեւէ մեկը գիտակցության կորուստ չի ունեցել, որովայնի խոռոչում արյուն կամ հեղուկ չենք հայտնաբերել, դեռ մնալու են բժշկական հսկողության ներքոՙ,-հայտնեց Գագիկ Մանուկյանը: Վիրավորների Գառնիկ Հայրապետյանը պատմեց, որ հարձակումը Ազատության հրապարակում եղել է ժամը 6.20-ի կողմերը:
՚Հանգիստ քնած էինք, ասացին գրաժդանսկի մարդիկ են եկել, բայց մյուս կողմից հասան, սկսեցին ծեծել, կողքիս կին կար, ինքն գետնին թպրտում էր, երեխան էլ, էլ չեմ հիշում ինչ եղավՙ,-պատմեց նա:
Ազատամատիկ, 2-րդ կարգի հաշմանդամ Քաջիկ Հարությունյանն էլ պատմում է, որ հարձակման ժամանակ ՚մի հոգուն մի քանի հոգով էին ծեծում, քնած էինք, չհասցրեցինք անգամ պաշտպանվել, ինչ դիմադրությունՙ:
Ազատամարտիկի կողքին մահճակալին պառկած էր նաեւ 25-ամյա Արթուր Միրումյանը, ով Ազատության հրապարակում չի եղել եւ ամենեւին էլ կապ չի ունեցել ընդդիմության հետ:
՚Առավոտյան շուտ պապան խանութ էր գնացել, մենք իմացանք, որ քաղաքում վիճակը խառն ա, պապան էլ հա չկար, իջանք պապային գտնելու, Ավովյան փողոցի վրա մեզ վրա հարձակվեցին, մամային հայհոյեցին, ես էլ ասացի, թե ինչու եք հայհոյում, քաշեցին գցեցին գետնին ու սկսեցին ծեծելՙ,-պատմեց նա:
Հիվանդանոցից դուրս գալիս հանդիպեցինք Արթուրի ծնողներին, ովքեր վրդովված դես ու դեն էին անում, տեղեկություն չունեին որդու վիճակից:
՚Չէի ուզում, որ տղաս գա, մանավանդ, որ հանգիստ քնած էր իր համար, հարձակվում դաժան ծեծում էին բոլորին, մենք կապ չունեինքՙ,-պատմեց մայրը Զեմֆիրա Ղազարյանը:
Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները